Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին


Ինչպես այս մասին արդեն խոսել է վարչապետը, հարցը պատվիրակված է այս պահին իրավաբաններին, և երբ իրավաբանները նկարագրեն, թե ինչ մեխանիզմներ կան՝ ապահովելու ժողովրդի կամքը, վստահ եմ՝ այդ հարցին կանդրադառնանք կրկին։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին:


Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդ ձգձգումը, որովհետև մինչև ընտրություններ պետք է տեքստը պատրաստ լիներ, բայց հետաձգվել է:


«Վարչապետը այս մասին խոսել է։ Դուք գիտեք, որ տիկին Գալյանը հյուրընկալվել էր նախորդ գումարման խմբակցությունում՝ իշխող մեծամասնությանը, դրանից հետո տիկին Գալյանը, դա կրկին արձանագրված փաստ է, ներկայացրել է նոր Սահմանադրության տեքստը վարչությանը։ Հնչել են առաջարկներ, և վարչապետը նշեց, որ վարչությունը ինչ-որ պահի պետք է վերադառնա այս քննարկմանը, և ամբողջական տեքստը ներկայացվի։ Ֆրակցիայում նույնպես եղել են քննարկումներ»,- ասաց նա։


Հարցին, թե հիմնական տարաձայնությունները Անկախության հռչակագրի՞ն են վերաբերում, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Նման բան չկա, ամեն դեպքում խմբակցությունում ներկայացվել է տեքստը՝ առանց այս մասի շուրջ քննարկումներ չեն եղել, ավելի շատ բովանդակային այլ գլուխների վերաբերյալ քննարկում ենք ունեցել, ամբողջապես ծանոթանալու հնարավորություն չեմ ունեցել մինչ այս պահը»։


 

Դիտումների քանակ9

Leave a comment