Իտալացի նախարարի ամուսնու մարմինը գտել են լճում՝ անհետանալուց ավելի քան մեկ ամիս անց

Բաժանորդագրվել

Կավալարին անհետացել էր հունիսի 27-ին՝ Վիտերբո նահանգում, լճում նավակով զբոսանքի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իտալիայի ընտանիքի, ծնելիության և հավասար հնարավորությունների հարցերով նախարար Էուջենիա Ռոչելայի ամուսնու՝ Լուիջի Կավալարիի մարմինը հայտնաբերել են Հռոմի մերձակայքում գտնվող Վիկո լճում՝ նրա անհետացումից ավելի քան մեկ ամիս անց։ Այս մասին հայտնում է Fatto Quotidiano թերթը։

Կավալարին անհետացել էր հունիսի 27-ին՝ Վիտերբո նահանգում, լճում նավակով զբոսանքի ժամանակ։ Ջրասուզակները նրա մարմինը գտել են մոտ 18 մետր խորության վրա, անհետացման վայրից մոտ մեկ կիլոմետր և ափից 20 մետր հեռու։ Պաշտոնական ճանաչում դեռևս չի իրականացվել, սակայն նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը հենց Կավալարին է։

Որոնողական գործողությունը տևել է ավելի քան մեկ ամիս։ Դրան մասնակցել են Իտալիայի տարբեր շրջանների հրշեջ ծառայության ջրասուզակներ, ոստիկանությունը, կարաբիներները, ափի փրկարարները, դրոններ, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ սոնարներ և ստորջրյա ռոբոտներ։ Որոնումները բարդացրել է ջրիմուռների կուտակումների պատճառով վատ տեսանելիությունը։

Մարմնի հայտնաբերումից հետո Ռոչելան հայտարարել է, որ իր համար «այսօր ավարտվում է տանջալից սպասման շրջանը», և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իր ամուսնու որոնումներին։

Leave a comment