Օրենքով ամրագրել մաքուր, առողջ և կայուն կլիմա ունենալու երեխաների ու երիտասարդների իրավունքը. COP17-ին և COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 4, 2026 թվական. Օգոստոսի 4-ին LCOY 26-ի կազմկոմիտեն հրապարակել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որը կներդրվի COP31-ին ընդառաջ Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում և կներկայացվի նաև միջազգային հարթակներում, այդ թվում Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ին։

Հայտարարությունը մշակվել է հունիս-հուլիս ամիսներին և քննարկվել է 100-ից ավելի դեռահասների և երիտասարդների հետ ՀՀ տարբեր մարզերում, իսկ հուլիսի 30-31-ին կայացած LCOY26-ի ընթացքում ամփոփվել։ Փաստաթուղթն ընդունվել է միջոցառման ավարտին ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող ավելի քան 100 մասնակցի կողմից։

Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը ունի 5 գլուխ՝

  •  Կլիմա և բազմազանություն
  •  Արդար անցում և կանաչ տնտեսություն
  •  Կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն
  •  Պարենային անվտանգություն և կայուն գյուղատնտեսություն
  • Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների ներառում

Միջսերնդային արդարություն և երեխաների ու երիտասարդների գծով ազգային մակարդակում ներկայացված պահանջներն են՝

  • Շրջակա միջավայրի նախարարության կազմում ինստիտուցիոնալացնել մշտական գործող, լավ ֆինանսավորվող կլիմայական հարցերով երիտասարդական խորհուրդ՝ երկարաժամկետ կլիմայական ռազմավարությունների նկատմամբ վետոյի կամ պարտադիր վերանայման իրավունքով:
  • Ճանաչել և ազգային սահմանադրության կամ հիմնական բնապահպանական շրջանակների մեջ օրենքով ամրագրել մաքուր, առողջ և կայուն կլիմա ունենալու երեխաների ու երիտասարդների իրավունքը:
  • Ապահովել, որ կլիմայական խոցելիության բոլոր ազգային գնահատականները հատուկ վերլուծեն և արձագանքեն երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա կլիմայի փոփոխության ունեցած ֆիզիկական և հոգեբանական յուրահատուկ ազդեցություններին:
  • Ստեղծել բնապահպանական հարկերից ձևավորվող ներպետական կլիմայական-երիտասարդական ֆոնդ, որը կտրամադրվի կլիմայական կրթությանն ու կլիմայի փոփոխության վնասների հաղթահարմանը, որոնք երեխաների, դեռահասների և երիտասարդների մասին են։

Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ:

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment