Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի խախտումները: Նրանք նշել են, որ Իսրայելի գործողությունները խաթարում են հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը:
«Այս խախտումները սպառնում են լարվածության թուլացմանը և սրում են Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տառապանքները: Միջնորդները վերահաստատում են իրենց կոչը՝ քաղաքացիական անձանց, բժշկական հաստատությունների և մարդասիրական անձնակազմի լիարժեք պաշտպանության, ինչպես նաև մարդասիրական օգնության և բժշկական պարագաների անխափան հոսքի ապահովման համար ամբողջ Գազայի հատվածում», – ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ միջազգային իրավունքը և հրադադարը պահպանելու համար:
Հայտարարությունը տարածած երկրները միջնորդներ են եղել Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև բանակցություններում: Հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը սկսվել է 2026 թվականի հունվարին: Օգոստոսի 3-ին Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անկլավի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 18 մարդ: