«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում

Ընդդիմադիր դաշտում, ինչպես պարզվում է, իրավիճակը այնքան էլ համերաշխ չէ, որքան այն ներկայացվում է հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին լուրջ լարվածություն է հասունացել «Հայաստան» խմբակցության ներսում, իսկ հակասությունների առանցքում հայտնվել է պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի և խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարաբերությունները զգալիորեն սրվել են։ Բանն այն է, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ և ընտրական գործընթացի ընթացքում Վարդանյանը թիմակիցների հետ քննարկել է Մանուկյանի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, նրա մասին պատմել տարաբնույթ դրվագներ և փոխանցել ներքին բնույթի ինֆորմացիա, որոնք բացասաբար կարող էին ազդել Մանուկյանի քաղաքական կարիերայի վրա։

Սակայն, ինչպես պնդում են մեր զրուցակիցները, այդ խոսակցությունների մի մասը հասել է հենց Մեսրոպ Մանուկյանին։ Արդյունքում երկու պատգամավորների միջև ձևավորվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ, որը ժամանակի ընթացքում վերածվել է բացահայտ լարվածության։ Բայց սա ներքին հակասությունների միայն մի մասն է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են նաև Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատ ստանձնելու որոշումից։ Նրանք համարում են, որ Վարդանյանն իր խոստումը պետք է պահեր ու մանդատից հրաժարվեր:

Հիշեցնենք, որ մինչև Ազգային ժողովի ընտրությունները Վարդանյանը հրապարակային հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, ինքը պատգամավորական մանդատ չի վերցնի։ Սակայն ընտրություններից հետո Վարդանյանը ոչ միայն չհրաժարվեց մանդատից, այլև շարունակեց իր գործունեությունը խորհրդարանում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ հենց այս քայլն է դարձել խմբակցության ներսում դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը։ Որոշ թիմակիցներ դա գնահատում են որպես նախընտրական հայտարարությունից հետքայլ, ինչը վնասել է ներքին վստահության մթնոլորտը։ Այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ ընդդիմադիր դաշտը փորձում է վերակազմավորվել և հանդես գալ որպես իշխանությանը հակակշիռ ուժ։

Սակայն, դատելով ներքին զարգացումներից, ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոչ միայն իշխանության դեմ պայքարը, այլև սեփական շարքերում առաջացած հակասությունները հաղթահարելը։

Leave a comment