Հայկ Կոնջորյանը չպատասխանեց եղբոր հետ կապված միջադեպին վերաբերող հարցերին և անդրադարձավ կնոջ աշխատավարձին ու իր նախկին գործունեությանը

ԱԺ նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, երբ ներկայացրեց Հայկ Կոնջորյանի կենսագրությունը, չասաց, որ նա եղել է ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի ղեկավարած ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավարը, հետո «Լուսավոր Հայաստանի» առաջին դեմքերից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «Ներկայացրիք պարոն Կոնջորյանի կենսագրությունը՝ նշելով, որ ուսանող տարիներին եղել է ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր։ Ճիշտ է համապարփակ ներկայացնել քաղաքական գործչին։ Որքան ես տեղյակ եմ՝ ուսանողական տարիներին Հայկ Կոնջորյանը 2011-2012-ին եղել է այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության խորհրդարանի պատգամավոր Վահրամ Մկրտչյանի ղեկավարած ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավարը, հետո եղել է «Լուսավոր Հայաստանի առաջնային դեմքերից, բայց Ձեր ներկայացրած կենսագրականում դա չկար, վրիպա՞կ էր, թե՞ որոշել եք վերախմբագրել»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցադրումներին Հայկ Կոնջորյանը կպատասխանի իր ելույթի ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, փաստելով՝ Ձեզ ուղիղ տեքստով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ, հարցրեց՝ կարո՞ղ եք ի վերջո մեզ պատմել, թե ինչպես է Ձեր կինը 2024-ի նոյեմբերին նշանակվել Հայփոստի տնօրեն, ստանում է տարեկան 118 հազար դոլար աշխատավարձ,  ամսական 3,6 միլիոն դրամ աշխատավարձ, և ո՞րն է եղել Ձեր դերն այդ նշանակման հարցում։

Հայկ Կոնջորյանն արձագանքեց․ «Իմ կինը «Հայփոստի» տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է Հայփոստում՝ լինելով վարչության ղեկավար։ Իմ կինը մասնակցել է մրցույթին, ընտրվել տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Տարբեր անձինք ու տարբեր ոլորտներից են ներգրավված մրցութային խորհրդում։ Կարող եք տեղեկատվություն ստանալ պետական կառույցներից։ Իմ կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է»։

Ագնեսա Խամոյանն արձանագրեց՝ «Հայփոստը» 2020 թվականից է դարձել պետական, մինչ այդ եղել է մասնավոր՝ ինչքան ուզել են, աշխատավարձ տվել են։ Նաև խնդրեց պարզաբանումներ ներկայացնել իր եղբոր հետ կապված միջադեպի մասին, սակայն Հայկ Կոնջորյանն այդպես էլ չպատասխանեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հղում կատարելով Հայկ Կոնջորյանի ելույթում հնչեցված դիտարկումներին, հարցրեց․ «Ձեր ելույթից ճիշտ հասկացա՞, որ ինքնապահպանման նպատակով եք մի ժամանակ կուսակցությունից կուսակցություն գնացել, որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մե՞ջ է մտնում»։ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Ձեր հարցում փաստական սխալ կա։ Ես եղել եմ Երիտասարդական խորհրդարանի անկախ պատգամավոր։ Երբ եղել է համագործակցություն տվյալ կուսակցության ու ՀՀԿ-ի մեջ, այդ ժամանակ ես համագործակցություն չեմ ունեցել այդ ուժի հետ։ Ֆեյք նյուզ է, որ ասում են՝ պետական «Հայփոստից», պետական բյուջեից իմ կինը աշխատավարձ է ստացել։ Իմ կինը պետական բյուջեից երբեք աշխատավարձ չի ստացել։ «Հայփոստը» պետությունից չի ֆինանսավորվում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment