Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.08.2026 | 12:45

Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն, արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի՝ նախօրեին հնչեցրած մտքերին բարեկրթության մասին, շեշտեց՝ իրենց կուսակցությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում գործել է բարեկրթության սահմաններում։

«Մենք, որ ասում ենք «մեր ձևով», դրա մեջ մտնում է նաև միանշանակ բարեկրթությունը, շնորհքով, համեստ լինելը և այլն»։

Պատգամավորը կասկածի տակ դրեց իշխանության այն պնդումները, թե Հայաստանում քաղաքական բռնաճնշումներ չկան։ Որպես օրինակ նա բերեց իր երկամսյա կալանավորումը։

«Ինձ հետաքրքիր է՝ եթե Հայաստանում չկան բռնաճնշումներ ու քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար ինչո՞ւ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»,- հարցրեց Մխիթարյանը՝ նշելով, որ թեև առաջին ատյանի դատարանը կալանավորել էր իրեն, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հանցակազմի բացակայության պատճառով իրեն ազատ էին արձակել, իսկ քրեական գործն ի վերջո կարճվել էր։

Մխիթարյանը նաև հիշատակեց իր ընկերներին, մասնավորապես կուսակից Ալեքսան Ալեքսանյանին, ում կալանքի ժամկետն օրեր առաջ երկարաձգվեց ևս երկու ամսով։ Նա վստահեցրեց, որ իրենք չեն ընկրկելու և շարունակելու են պայքարը, չնայած իրենց շատ ընկերների կալանավորված լինելուն։ Ելույթի վերջում պատգամավորն ուղիղ դիմեց Ռուբեն Ռուբինյանին․ «Պարոն Ռուբինյան, դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ»։

Մխիթարյանն իր խոսքն ավարտեց աստվածաշնչյան մեջբերմամբ․ «Ում հարգանք՝ նրան հարգանք, ում պատիվ՝ նրան պատիվ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment