ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:

Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը պատմել է նաև Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով Ծիծեռնակաբերդ է այցելել, բայց նախկինում ԱՄՆ այլ պաշտոնյաներ ևս այցելել են հուշահամալիր։

2010-ին հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: 

2022-ին Ծիծեռնակաբերդ է այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: 

2023-ին հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը: 

Տարբեր տարիներին Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել նաև ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ և դիվանագետներ:

ԱՄՆ Օրենսդիր մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը և Սենատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերն ընդունել են 2019-ին: ԱՄՆ գործադիր իշխանության մակարդակով ճանաչումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 24-ին նախագահ Ջո Բայդենի պաշտոնական հայտարարությամբ: 

ԱՄՆ բոլոր 50 նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

The post ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Ծիծեռնակաբերդ appeared first on CIVILNET.

Leave a comment