«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի փակ, գաղտնի քվեարկությանը

Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը։

ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի եղբոր գործնական հաջողություններին, նրան խնդրեց պարզաբանել․ «Դուք պետք է այս ամբիոնից ասեք՝ ո՞նց է ստացվել, որ Ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Սա Ձեզ մոտ որևէ հարց չի առաջացնո՞ւմ, քաղաքական հովանավորչության խնդիր չեք տեսնո՞ւմ։ Այս խնդիրը եզակի չէ, և կան նաև այլ պաշտոնյաներ, որոնք նույն ուղով են գնացել»։

Այնուհետև խոսեց Ռոմանոս Պետրոսյանի մասին ու դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին․ «Պարոն Կարապետյան, Ձեր հաշվին հինգ միլիոն աշխատավարձ է ստանում։ Ամբողջ ՀԷՑ-ում բոլորը ՔՊ-ականներ են, մարդիկ Ձեր հաշվին հարստանում են»։

Դիմելով բարեկրթության կոչ անող Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց․ «Երբ խոսում էիք давайте жить дружно տրամաբանության մասին, ապա այնտեղ պետք է նստած լիներ Արթուր Սարգսյանը։ Նա քաղաքական պատանդ է, ձեր իշխանությունը պատանդառության տակ է պահում մեր գործընկերոջը, Ձեզ ի՞նչ է թվում, որ մեզ կարող եք նայել ու ասել՝ եկեք, հանգիստ իրար հետ աշխատե՞նք այն ժամանակ, երբ մեր գործընկերն այստեղ նստած չէ»։

ՀՀ ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment