Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է մեկ միավորով

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվիվը (ԿԸՀ) 2025-ի արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Այդ մասին հայտնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։

2025-ին 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում):

Հայաստանը, 53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (50) հետո, երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։ Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2025 թվականին (46) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն 43-ից նվազել է՝ դառնալով 42, որը վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշն է)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2025թ․ ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (31) կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը (23)` 153-156-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (30)՝ 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (38) զբաղեցնում է 96-98-րդ տեղերը, Բելառուսը (31)՝ 124-129-րդ տեղերը, Ղրղզստանը (26)՝ 142-147-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 157-160-րդ տեղերը:

Ընդ որում ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։

Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն։

The post Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է մեկ միավորով appeared first on CIVILNET.

Leave a comment