«2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախնական շրջանում ողջ արցախահայությունը գտնվում էր, այսպես կոչված, շոկի մեջ, և կար կոլեկտիվ, տրավմատիկ հոգեբանական վիճակ, միգուցե շատ խնդիրների, այդ թվում` նաև սոցիալական, մարդիկ նայում էին ավելի մակերեսային։ Սակայն գրեթե 3 տարի է անցել, ու տեսնում ենք, որ այդ խնդիրները ավելի կարծրացել են և կարծես դարձել են անլուծելի։ Խոսքը բոլոր տեսակի խնդիրների մասին է՝ բնակարանային, աշխատանքային, սոցիալական։ Լսում ես այս իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերի գունավոր և վառ բնույթի մասին, բայց հողի վրա, երբ մարդիկ փորձում են օգտվել այդ սոցիալական ծրագրերից, բազմաթիվ խնդիրների են առնչվում, արդյունքում գրեթե անհնար է դառնում իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերից օգտվելը՝ սկսած քաղաքացիություն ստանալուց մինչև բնակարանային ծրագրից օգտվելը։ Ցանկացած ծրագրի պարագայում բազում տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս։ Թղթի վրա դրանք, կարծես թե, իրական, շատ խնդիրներ լուծող ծրագրեր են, բայց իրականում՝ հողի վրա, այդ ծրագրերը գրեթե աշխատող չեն։ Մարդիկ նշում են, որ զրկվել են սոցիալական աջակցություններից, որովհետև աշխատում են, բայց, միևնույն ժամանակ, այդ աշխատանքն իրենց բավարարում է ուղղակի տան վարձը վճարելու համար։ Մարդիկ բարձրաձայնում են՝ աշխատելով և միայն տան վարձ վճարելով՝ կարո՞ղ են գոյատևել։ Սա՝ դեռ այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ աշխատանք գտել են։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև այս իշխանությունները որևէ համակարգված ուսումնասիրություն և հետազոտություն չեն կատարել, թե ինչպես կարելի է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ինտեգրել աշխատաշուկայում։ Սոցիալական կարգավիճակից սկսած, վերջացրած բազմաթիվ այլ առանձնահատկություններով՝ խնդիրներ ունենք։ Այս ամենը գալիս է փաստելու հանգամանքը, որ գործող իշխանությունները, աշխատասենյակներում նստած, գրում են ծրագրեր, որոնք կարդալիս շատ գեղեցիկ են, բայց քանի որ դրանք քննարկված, փորձարկված չեն շահառուների հետ, գրեթե 90 տոկոս դեպքերում դառնում են անիրագործելի։ Մի բան է գեղեցիկ գրված ծրագիրը, մի բան է դրա իրագործումը», – «Փաստի» հետ զրույցում ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների բարձրաձայնած հիմնական խնդիրը հետևյալն է՝ ոչ թե փող ենք ուզում, այլ տանիք։ Պետությունից պալատներ չեն ուզում, ուղղակի ուզում են ապրելու մինիմալ հնարավորություն։ Երկու կամ երեք անձից բաղկացած ընտանիքին տալով ութ կամ ինը միլիոն դրամ, ինչպե՞ս են այս իշխանությունները պատկերացնում, որ մարդիկ կկարողանան տուն ձեռք բերել։ Ուղղորդում են դեպի բանկեր, բանկերում վարկունակության, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան։ Դեռ չեմ խոսում քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին, երբ այս իշխանություններն անընդհատ հորդորում են քաղաքացիություն ստանալ, նույնիսկ դժգոհում են, որ արցախցիները չեն ցանկանում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց կխնդրեի, որ այս իշխանություններից որևիցե մեկը մտներ անձնագրային բաժին և հասկանար, թե, օրինակ՝ եթե այսօր մարդը որոշի դառնալ ՀՀ քաղաքացի, քանի՞ ամիս հետո կարող է այդ իրավունքն իրացնել։ Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում, անձնագրում, ծննդյան վկայականում, ամուսնության վկայականում՝ մեկ տառի անհամապատասխանություն, լրացուցիչ թղթեր են պահանջում, որը նորմալ պայմաններում բնական կլիներ, բայց այս իշխանությունները Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ունենան առանձնահատուկ վերաբերմունք։ Մարդիկ իրենց ցանկությամբ չեն տեղափոխվել Հայաստան։ Նրանք սպանվելու, ցեղասպանվելու վտանգի տակ մի կերպ դուրս են եկել Արցախից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իրենց տունը, հիշողությունները և այլն, այլև փաստաթղթերը և մնացյալը։ «Գետնի վրա» ունենք ոչ թե վատ, այլ անիրագործելի ծրագրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: