«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը. ՌԴ ԱՆԳ

«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը, բնականաբար հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագետների վերապատրաստման անհրաժեշտության առումով, կենսունակ այլընտրանքներ չկան», – ասել է Գալուզինը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնյայի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ երևանյան այցին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ ԱՄՆ համագործակցության հեռանկարներին։

Փետրվարի 9-ի Երևանում հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ կողմերն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 մլր դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։

Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- ասել է Վենսը։

Փետրվարի 6-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ հանդիպման մասին այլ մանրամասներ նշված չէր։

Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։

Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։

Ուսումնասիրվում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մոդելնելները, որի ընտրության հարցում Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի։

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։

The post «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը. ՌԴ ԱՆԳ appeared first on CIVILNET.

Leave a comment