Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանի եղբոր պաշտոնների և տարբեր գործարքների, Լիլիթ Մինասյանն էլ՝ Մանուկյանի եղբոր մասին

«Պարոն Ռուբինյան, հիշեցիք իմ կենսագրությունից մի դրվագ։ Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, չի ուրացել ի տարբերություն ձերոնց շարքերը համալրած Մանվել Գրիգորյանի օգնականների ու սանիկների, որոնք մի օր նրա համար մեռնում էին, մյուս օրը գալիս էին հացով դիմավորելու ձեզ»,- դիմելով ՔՊ խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա, վերլուծելով ԱԺ նախկին նախագահներին կարգավիճակը, ասաց․ «Արարատ Միրզոյանը ժամանակին խոսում էր իր ֆինանսական դժվարությունների մասին, այսօր մի քանի միլիոն դրամանոց անթև բաճկոնով է ման գալիս, Երևանում բնակարան, Կարմիր խաչի մոտ պարիսպներով դղյակ է ձեռք բերում։ Նման հարցեր առաջանում է նաև Ալեն Սիմոնյանի հետ կապված։ Հրապարակային քննարկման առարկա են դարձել նրա գույքային գործարքները, երկու-երեք կինո կնկարեմ իր ու իր հետ փոխկապակցված անձանց և խուճուճ գործարքների մասին»։

Հետո էլ ասաց․ «2022-ին Հայբիզնեսբանկը ձեռք է բերվում շվեյցարական ընկերության կողմից։ Ու 25 տոկոս փայատեր դառնում է պետությունը։ Մամուլում պտտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի, նա մտել է հայկական իրականության մեջ։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը Ամիոբանկ ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենն է, վարչության անդամ։ Շահերի բախում չկա՞, որ ԿԲ-ն առևտրային բանկում փայատեր է, ո՞նց է գնում ստուգելու այս ընկերությանը։ 2023-ին 50-ամյա կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր մեքենայի վաճառքով, դիմում է, որ ձեռք բերի «ՄՏՍ-Հայաստանը»։ Մերժվում է։ Հետո 2024-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ», որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է նույնպես, ձեռք է բերում։  Գործարքից հետո Լևոն Ռուբինյանը նշանակվում է «Վիվա Արմենիա»-ի կառավարման անդամ։ Որ այսքան խնդիրներն առաջանում են, բանական մարդու մոտ հարցեր են առաջանում՝ ո՞նց կարող է այսքան զուգադիպություն լինել»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ Մեսրոպ Մանուկյանի ելույթին արձագանքեց․ «Գալ, տարատեսակ ընկերությունների, հոդվածների միախառնուրդով ելույթ ունենալ, ասել՝ ես կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկ եմ, էդ էլ չի անցնում։ Դուք բերեցիք ԱԺ նախկին երկու նախագահների անունները ու ցույց տվեցիք, որ ԱԺ նախկին երկու նախագահները կոռուպցիոն գործարքների մեջ են՝ որևէ հիմք չնշելով։ Խնդրում եմ՝ այս ամբիոնն օգտագործելիս պարտադիր հնչեցրեք հայտարարություն՝ հաղորդում եմ տալիս դատախազությանը հանցագործության մասին։ Ես հանրային կերպով ասում եմ՝ հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ուսումնասիրեք պարոն Մանուկյանի ելույթը, փորձեք այնտեղ իրավախախտումներ գտնել, եթե դրանք չկան, ուրեմն սուտ մատնության հոդվածով իրավախախտում պետք է գտնեք։ Փորձեցիք Ռուբեն Ռուբինյանի եղբորը, որն ինչ-որ տեղ աշխատում է՝ որպես վարձու աշխատող, կապել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի գծով հատուկ ներկայացուցիչ լինելու հետ։ Ֆենոմենալ է։ Ձեր եղբայրը 2021-ին նշանակվել է առողջապահության նախարարի կողմից թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն։ Օրինակ՝ այդ պարագայում կարո՞ղ ենք ենթադրություն անել, որ պարոն Մանուկյանը ինչ-որ ձևով կապ ունի մեր իշխանության հետ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment