Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 11:27

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցուպատասխան է տեղի ունեցել պատգամավոր Գառնիկ Դավթյանի և ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև: Քննարկման առանցքում Ռուբինյանի՝ Թուրքիայում գտնվելու տարիներին ազգությամբ թուրքերի հետ ունեցած շփումներն էին:

Գառնիկ Դավթյանը հարցրել է, թե արդյոք Ռուբինյանը Թուրքիայում «ֆելոշիփի» (հետազոտական ծրագրի) ընթացքում շփվել է թուրքերի հետ: Ռուբինյանը նախ հստակեցրել է, որ Թուրքիայում չի սովորել, այլ հինգ ամիս հետազոտություն է իրականացրել Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրով։

Անդրադառնալով բուն հարցին՝ Ռուբինյանը նշել է, որ թուրքերի հետ շփվել է դեռևս 2010-2011 թվականներին Լոնդոնում և Լեհաստանում սովորելու տարիներին, որտեղ եղել են Թուրքիայից ժամանած համակուրսեցիներ: Սակայն նա հատուկ շեշտադրել է իր վերջին շրջանի գործունեությունը. «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն էի, և համաձայնեք՝ տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում»։

Չնայած Ռուբինյանի մանրամասն պարզաբանումներին՝ Գառնիկ Դավթյանն արձագանքել է, որ իրեն չեն հետաքրքրում Լոնդոնի կամ Լեհաստանի տարիները կամ հատուկ ներկայացուցչի կարգավիճակը: Պատգամավորը պահանջել է հստակ պատասխան հենց հետազոտական ծրագրի ժամանակահատվածի վերաբերյալ՝ նշելով, որ իր հարցի այդ մասը մնացել է չպարզաբանված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment