Առաջիկա շաբաթներին կփորձենք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Առաջիկա շաբաթներին կփորձենք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն՝ պարզելու, թե հնարավո՞ր է արդյոք վերսկսել խաղաղ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոյի խոսքով՝ մոտ ապագայում ակնկալվում է դիվանագիտական ջանքերի ակտիվացում՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով։

«Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ականատես կլինեք որոշակի ջանքերի, որոնք միտված են պարզելու, թե արդյոք կկարողանանք վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին», — ասել է նա։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը հասկացրել է, որ այդ գործընթացի հաջողությունը երաշխավորված չէ։

«Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին հստակ «կարմիր գծեր», և քանի դեռ չենք կարողացել որոշ չափով մոտեցնել այդ «կարմիր գծերը», չենք հասնի ցանկալի արդյունքի», — նշել է Ռուբիոն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները, հավանաբար, կայցելեն Կիև՝ Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում։

ԱՄՆ կատարած այցի ընթացքում՝ հուլիսի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները կարող են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Կիև։

Leave a comment