ԱՄՆ-ը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջիկա շաբաթներին կփորձի վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել պատերազմը։

Նրա խոսքով՝ հակամարտության երկու կողմերն էլ շարունակում են հավատարիմ մնալ իրենց «բավականին հստակ ու կոշտ կարմիր գծերին», և քանի դեռ այդ դիրքորոշումները չեն մոտեցվել, համաձայնության հասնելը հնարավոր չի լինի։

«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կփորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք վերսկսել բանակցությունները երկու կողմերի միջև և վերջ դնել այս պատերազմին։ Սակայն նաև գիտակցում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և մինչև չկարողանանք այդ դիրքորոշումները միմյանց մոտեցնել, չենք հասնի ցանկալի արդյունքին», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է իր թիմին օգտագործել խաղաղ բանակցություններին նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն։

«Եթե տեսնեք թեկուզ մեկ հնարավորություն՝ աջակցելու խաղաղ բանակցությունների մեկնարկին, գործե՛ք», — նախագահի խոսքերն է փոխանցել պետքարտուղարը։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն չի մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ կոնկրետ քայլեր է նախատեսում իրականացնել և արդյոք խոսքը վերաբերում է Մոսկվայի ու Կիևի հետ ուղիղ շփումների վերսկսմանը։

Leave a comment