Տնային կալանքի տակ գտնվող դատավորի գործն՝ ամփոփ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից (Յեզգատյան) պահանջել է խոշոր չափերով կաշառք (նշվում է՝ 3.903.300 ՀՀ դրամին համարժեք՝ 10.000 ԱՄՆ դոլար)։
2025թ. մայիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը գործն ուղարկել էր ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Գործը քննվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում։

2025 թ. ապրիլի 29-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մեղադրյալ Զոհրաբ Յեզգատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով, իսկ ապրիլի 30-ին Գալուստ Խուրշուդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Հետագայում պաշտպան Ռոման Թովմասյանի միջնորդությունը դատարանը բավարարել է, Սիխարուլիձեի (Յեզգատյանի) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխել է։ Վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելով տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով։ Պաշտպան Սամվել Ջաղինյանի միջնորդությունը նույնպես դատարանը բավարարել է և Գ. Խուրշուդյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով։

2025 թ. ապրիլի 30-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թ. ապրիլի 29-ի «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-412-25 միջնորդությունը բավարարվել է, և համաձայնություն է տրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

2025 թ. ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի որոշմամբ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2025 թ. ապրիլի 30-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թ. ապրիլի 29-ի «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-412-25 միջնորդությունը բավարարվել է, և համաձայնություն է տրվել դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ:

2025 թ. մայիսի 1-ին մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանը ձերբակալվել է:
2025 թ. մայիսի 1-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

2025 թ. մայիսի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ թիվ 62237725 և 62281024 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է թիվ 62237725 համարով:

2025 թ. մայիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ թիվ 62237725 քրեական վարույթից որպես նոր վարույթ անջատվել է Արտուշ Գաբրիելյանի կողմից ապօրինի գործողության և անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալու, Գալուստ Խուրշուդյանի կողմից Արտուշ Գաբրիելյանին կաշառք ստանալուն օժանդակելու և Զոհրաբ Սիխարուլիձեի կողմից Արտուշ Գաբրիելյանին ապօրինի գործողության և անգործության համար կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթը, որին շնորհվել է թիվ 62246525 համարը:

2025 թ. մայիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի որոշմամբ Գ. Խուրշուդյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2025 թ. մայիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի որոշմամբ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2025 թ. մայիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի որոշմամբ Զոհրաբ Սիխարուլիձեի (Յեզգատյանի) նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Արտուշ Գաբրիելյանի պաշտպանները դատարանին են ներկայացրել մի շարք բժշկական փաստաթղթեր: Մասնավորապես՝ «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի կողմից 2016 թ. փետրվարի 11-ին տրված էպիկրիզի համաձայն՝ Արտուշ Գաբրիելյանի մոտ ախտորոշվել է սրտի աթերոսկլերոտիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա I փ.:
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից պաշտպան Ա. Թևանյանին ուղղված գրության համաձայն էլ. «Հիվանդը հաշվառվել է դիսպանսեր հսկողության տակ։ Ժամանակ առ ժամանակ այցելել է «Յոլյան» կենտրոն՝ հետազոտություններ իրականացնելու համար: 2025թ. փետրվար ամսին նկատվեց վատթարացման միտում՝ արյան կարմիր ցուցանիշների որոշ իջեցում, ինչից ելնելով կարիք ունի ավելի հաճախակի այցերի։ Դրանց արդյունքում կորոշվի սպեցիֆիկ բուժում սկսելու անհրաժեշտությունը…և պահանջում է արյունաբանի նեղ մասնագիտական հսկողություն»։ 2025թ. հունիսի 27-ին դատավորի համար էլ կիրառվեց տնային կալանքը, չնայած Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանի առարկությանը, թե «վարույթին խոչընդոտելու ռիսկը շարունակում է առկա լինել»։ Հիշեցնեմ. որ դատավոր Գաբրիլյանի պաշտպաններն են Էրիկ Ալեքսանյանը, Արմեն Թևանյանը։

Այս տարվա անդրանիկ նիստը հունվարի 30-ին էր։ Յոթ նիստ է կայացել, վերջինը հուլիսի 14-ին էր։ Հաջորդը նշանակվել է օգոստոսի 21-ին։

Հուլիսի 14-ին դատարանը՝ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է Հանրային մեղադրող Ա. Ալեքյանի միջնորդությունը։ Մեղադրյալ դատավորի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Դատարանն արձանագրել է, որ «2025 թ. սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կիրառելուց հետո, ի հայտ չեն եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող էին էապես նվազեցնել քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ վկայակոչված հիմքերը։

Դատարանը փաստում է, որ …քրեական գործում առկա փաստական տվյալները համակցության մեջ գնահատման ենթարկելով, կարելի է եզրահանգել, որ մեղադրյալի իրավաչափ վարքագծի ապահովումը հնարավոր է մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի, մասնավորապես՝ տնային կալանքի կիրառմամբ, ուստի մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել 3 ամիս ժամկետով, պահպանելով վերջինիս նկատմամբ կիրառված սահմանափակումները, մասնավորապես՝ նրան արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության լքել իր մշտական բնակության վայրը, ինչպես նաև տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում արգելել իր բնակության վայրում շփումներ ունենալ և հյուրընկալել սույն քրեական գործով անցնող մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց (վկաների) հետ»։

Հիշեցնեմ, ըստ դատարանի՝ «Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին»:
Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment