ՀԱՄԱՍ-ը հայտարարել է զինաթափման համաձայնության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է սկսել զինաթափման գործընթացը՝ Գազայի հատվածում պատերազմի ավարտին միտված համաձայնության շրջանակում, հայտնում է AP-ն։

Համաձայնությունը, որի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է նաև Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների դադարեցում և իսրայելական ուժերի դուրսբերում։

ՀԱՄԱՍ-ի փոխանցմամբ՝ սկզբնական փուլում շարժումը կսկսի զինաթափման գործընթացը, իսկ ծանր սպառազինության հանձնումը նախատեսվում է ավելի ուշ։ Միաժամանակ շարժումը նշել է, որ ծանր զենքերից ամբողջական հրաժարումը պայմանավորված է պաղեստինյան անկախ պետության ստեղծմամբ։

Իսրայելի գործող կառավարությունը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, ինչը կարող է համաձայնության իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը դառնալ։

Իսրայելական կողմը ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Չնայած համաձայնության մասին հաղորդագրություններին՝ ուրբաթ օրը Գազայի հատվածում կրկին իսրայելական ավիահարվածներ են իրականացվել։ Բուժհաստատությունների ներկայացուցիչների տվյալներով՝ զոհվել է առնվազն մեկ պաղեստինցի, ևս չորսը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է համաձայնությունը՝ այն անվանելով վերջին օրերի միակ դրական զարգացումը տարածաշրջանում։ Նա կողմերին կոչ է արել գործարքն իրականացնել առանց այն խափանելու փորձերի։

Համաձայնությունը նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի ծրագրի մաս է։ Այն նախատեսում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափում, Գազայի կառավարումը պաղեստինյան անկախ վարչակազմին փոխանցելու գործընթաց, իսրայելական ուժերի դուրսբերում և միջազգային կայունացման ուժերի տեղակայում։

Նախորդ ամիսներին գործընթացը փակուղի էր մտել։ Իսրայելը պնդում էր, որ հետագա քայլերը կախված են ՀԱՄԱՍ-ի լիարժեք զինաթափումից, իսկ շարժումը Իսրայելին մեղադրում էր հրադադարը խախտելու և Գազայի ուղղությամբ հարվածները շարունակելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment