Միջոցառման հիմնական իրադարձությունը «Վան Արդի Բազալտ» գինու
սահմանափակ քանակով թողարկումն էր, որով վերականգնվում է բազալտե
քարի մեջ գինու հնացման հնագույն հայկական ավանդույթը և այն
վերադարձվում է մեր օրեր։
Սասունիկ, Հայաստան։ Վան Արդի գինեգործարանը Սասունիկ գյուղում գտնվող իր գինեգործարանում անցկացված «Ավանդույթներից դեպի նորարարություն» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացրել է իր երեք նոր գինիները՝ «Վան Արդի Բազալտ», «Թոր-Թորի Ռոզե» և «Թոր-Թորի Ռեզերվ»։ Միջոցառման ընթացքում պաշտոնապես մեկնարկել է նաև Վան Արդի գինու ակումբը, Վան Արդիի ընտանիքին միանալու նոր ձևաչափ այն մարդկանց համար, ովքեր գնահատում են գինին և ցանկանում են առավել սերտ կապ հաստատել Վան Արդի գինեգործարանի ու իր առաջարկած փորձառությունների հետ։
Շնորհանդեսի գլխավոր իրադարձությունը սահմանափակ քանակով թողարկված «Վան Արդի Բազալտ» գինին էր, որը մոտ վեց ամիս խմորվել և հնացվել է հատուկ ձեռքով փորված բազալտե քարի մեջ։ Այս գինին շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող հայկական գինեգործական ավանդույթի ժամանակակից մեկնաբանությունն է Վան Արդիի մատուցմամբ։
Երեկոյին ներկա էին Վան Արդիի գործընկերները, հավատարիմ հաճախորդները, ընկերներն ու հայկական գինու համայնքի ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին նոր գինիների պաշտոնական ներկայացմանն ու համտեսին։ Հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու յուրաքանչյուր գինու ինքնատիպ բնույթը հենց դրանց արարման վայրում՝ շրջապատված օրգանական խաղողի այգիներով և Արագածոտնի չնաշխարհիկ բնապատկերով։
ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
«Վան Արդի Բազալտի» ստեղծման ներշնչանքի աղբյուրը Ագարակում հայտնաբերված շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող բազալտե գինեգործական տարաների համալիրն է։ Վերադառնալով այս մոռացված գինեգործական ժառանգությանը, Վան Արդիի հիմնադիր և գինեգործ Վարուժան Մուրադյանը տեղացի վարպետներին պատվիրել է գինեգործարանի համար ձեռագործ բազալտե տարաներ պատրաստել։ Գինին վեց ամիս խմորվել և հնացվել է հենց այդ տարաներում՝ համադրելով գինեգործության հայկական հնագույն մեթոդներն ու ժամանակակից մոտեցումները։ Վան Արդին, հանրայնորեն հասանելի տեղեկությունների համաձայն, ժամանակակից աշխարհում միակ գինեգործարանն է, որն այս ծավալով բազալտե տարաներում խմորված և հնացված գինի է արտադրում։
Վան Արդիի սեփական խաղողի այգիներում աճեցված հայկական Հաղթանակ և Միլաղ էնդեմիկ տեսակներից արտադրված «Վան Արդի Բազալտի» առաջին խմբաքանակը սահմանափակված է 1000-ից պակաս շշով։
«Բազալտը ստեղծելիս ցանկանում էի ստանալ մի գինի, որն իր էությամբ խորապես հայկական է և միաժամանակ լիովին նոր փորձառություն է առաջարկում ժամանակակից գինու աշխարհին», – նշել է Վան Արդիի հիմնադիր և գինեգործ Վարուժան Մուրադյանը։ «Հայաստանն ունի աշխարհի հնագույն գինեգործական պատմություններից մեկը։ Մեր նպատակն է պահպանել այդ պատմության շարունակականությունը՝ որակի, ստեղծագործ մոտեցման և փորձարարությունների միջոցով»։
Այս գինին արտահայտում է Վան Արդիի ավելի լայն փիլիսոփայությունը՝ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի գինեգործական ժառանգությանը, միաժամանակ շարունակելով ուսումնասիրել նոր մեթոդներ, տեղական խաղողի սորտեր և տերուարի ինքնատիպ դրսևորումներ։
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ «ՎԱՆ ԱՐԴԻ» ԳԻՆՈՒ ԱԿՈՒՄԲԸ
Նոր գինիների հետ միասին ընտանեկան գինեգործարանը ներկայացրել է նաև Վան Արդի գինու ակումբը՝ անդամակցության ծրագիր այն գինեսերների համար, որոնք ցանկանում են ամբողջ տարվա ընթացքում շարունակաբար մաս կազմել Վան Արդիի մատուցած յուրահատուկ փորձառությանը և նորություններին։
Ակումբի անդամները կստանան տարեկան չորս հատուկ ձևավորված գինու փաթեթ, որոնք կներառեն Վան Արդիի հատուկ ընտրված գինիները, նոր թողարկումներ և այլ բացառիկ առաջարկներ։ Անդամակցությունը նաև հնարավորություն կտա մասնակցելու միայն ակումբի անդամների համար նախատեսված համտեսներին և հատուկ միջոցառումներին, ունենալու առաջնային հասնելիություն նոր գինիներին, ինչպես նաև օգտվելու Վան Արդիի բոլոր առաջարկներից՝ առանձնահատուկ փաթեթներով։
«Գինու ակումբը ավելի մտերիմ դառնալու մեր հրավերն է», – նշել է Անի Մուրադյանը։ «Վան Արդին միշտ ավելին է եղել, քան պարզապես գինեգործարան։ Մեր ջերմ, ընտանեկան միջավայրում մշտապես միավորվում են գինին, խոհանոցը, երաժշտությունը, արվեստն ու մշակույթը։ Գինու ակումբի միջոցով մենք ստեղծում ենք ավելի խորքային և նշանակալի հնարավորություն, որպեսզի Վան Արդին սիրող մարդիկ դառնան այդ ընտանիքի մի մասը»։
Վան Արդի գինու ակումբի փաթեթներին կարող եք ծանոթանալ www.vanardi.com/wineclub կայքում։
ՆՈՐ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ
«Վան Արդի Բազալտը» Հաղթանակ և Միլաղ խաղողի սորտերից պատրաստված համարձակ և բացառիկ ոճով գինի է։ Խոր ռուբինագույն գինում բացահայտվում են մուգ մրգերի, սոճու անտառի, կակաոյի, սուրճի և զուսպ համեմունքների բազմաշերտ նոտաներ, որոնք լրացվում են դրա ամենատարբերակիչ՝ ընդգծված հրաբխային, քարային բնույթով։ Համը խիտ է, սակայն ներդաշնակ կառուցվածքով, հզոր, միևնույն ժամանակ հավասարակշռված մարմնով և երկարատև, կայուն վերջնահամով։
«Թոր Թորի Ռոզեն» Սիրա, Զինֆանդել և Պինո Նուար սորտերի վառ և արտահայտիչ համադրություն է։ Գինու խոր վարդաոսկեգույն երանգը համալրում են ազնվամորու, ելակի կրեմային և կարմիր նարնջի բույրերը։ Թարմացնող թթվայնությունը, թեթև կրեմային կառուցվածքն ու արտահայտիչ հրաբխային նրբերանգները ձևավորում են վառ, բազմաշերտ և խաղային բնույթով վարդագույն գինի։
«Թոր Թորի Ռեզերվը» Զինֆանդել, Արենի և Սիրա խաղողի սորտերի հագեցած համադրություն է, որը 12-ից 14 ամիս հնացվել է ֆրանսիական կաղնու տակառներում։ Խոր ռուբինագույն գինին բացվում է մուգ մրգերի, կաշվի և սուրճի բույրերով, որոնց հաջորդում են սալորի, նռան, մուգ շոկոլադապատ ազնվամորու և հիկորիի նուրբ նոտաները։ Փափուկ տանիններն անցում են կատարում դեպի երկարատև և կայուն վերջնահամ։
«Այս գինիները միասին ներկայացնում են «Վան Արդիի” երեք տարբեր կողմերը», – նշել է Անի Մուրադյանը։ «Բազալտը մեր ամենահամարձակ փորձարարությունն է, «Թոր-Թորի Ռոզեն» թարմ և արտահայտիչ է, իսկ «Թոր-Թորի Ռեզերվը»՝ խոր և կառուցվածքային։ Երեքն էլ մարմնավորում են այն հատկանիշները, որոնք մշտապես հատուկ են եղել Վան Արդիի գինիների հավաքածուին»։
ՎԱՆ ԱՐԴԻԻ ՄԱՍԻՆ
2008 թվականին Վարուժան Մուրադյանի և նրա ընտանիքի կողմից հիմնադրված Վան Արդի գինեգործարանը Հայաստանի առաջատար բուտիկ գինեգործարաններից է, որը նաև հանդիսանում է հայկական ժամանակակից գինեգործության վերածննդի լավագույն օրինակներից մեկը։
Հայաստանի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող գինեգործարանը շրջապատված է սեփական օրգանական խաղողի այգիներով, որոնք տնկված են քարքարոտ, հրաբխային հողերում։ Գինեգործարանը հետևում է այգիների մշակման նվազագույն միջամտության սկզբունքին՝ կենտրոնանալով հայկական խաղողի սորտերի բնույթն ու դրանց ծագման վայրի առանձնահատկությունները բացահայտելու վրա։
Վան Արդիի առաքելությունն է ամրապնդել Հայաստանի դիրքերը համաշխարհային գինու քարտեզի վրա՝ շարունակելով տեղական հնագույն գինեգործական ժառանգության ամրապնդումը և զարգացումը՝ արտահայտիչ, նրբագեղ և համաշխարհային մակարդակի որակ ունեցող գինիների ստեղծման միջոցով։ Գինեգործությունից բացի Վան Արդին լայնորեն ճանաչում է ստացել իր հյուրընկալության և ջերմ, ընտանեկան միջավայրով, որտեղ գինեգործարանի այցելուները բացահայտում են Հայաստանը գինու, հյուրընկալության, արվեստի, երաժշտության և մշակույթի միջոցով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: