Քերոբյան․ Իշխանություններին նոր պատերազմ է պետք՝ նոր Սահմանադրության ընդունումն ապահովելու համար

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չունեն հանրության բավարար աջակցությունը՝ հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը:

Նրա խոսքով՝ հասարակական կարծիքը կարող է փոխել թերևս միայն հերթական աղետալի պատերազմը:

«Միայն նոր պատերազմի և կորուստների սպառնալիքի հաշվին նա կարող է համոզել հանրությանը քվեարկել նոր Սահմանադրության՝ իր Սահմանադրության օգտին»,- ասել է Քերոբյանը:

Նա վստահ է, որ իշխանությունները դիտավորյալ են ժամանակ ձգում։ Նպատակը մեկն է․ անձնական շահերից ելնելով՝ հնարավորինս դանդաղեցնել նոր Սահմանադրության նախագիծը հանրության դատին հանձնելու գործընթացը՝ անտեսելով հստակ ժամկետների մասին սեփական բազմաթիվ հավաստիացումները։

«Նրանք ժողովրդի մեծ մասին ահաբեկել են 2020 թվականի պատերազմով… Նրանք ուզում են ասել. «Եթե հանկարծ պատերազմ սկսվի, զոհվողը դու ես լինելու»»,- ընդգծել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դժգոհ է, որ իր հայրենակիցներից շատերը, ովքեր այժմ ընդդիմադիր են, չեն զոհվել պատերազմի ժամանակ, ինչը էապես կհեշտացներ նրա կյանքը:

Leave a comment