Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Բալեյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուզբեկ Ջախոնգիր Տուլկունովի հետ ու պարտվեց 1:7 հաշվով: Օգոստոսի 1-ին Բալեյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, մրցակիցը դեռ հայտնի չէ:

Դավիթ Բալեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր լեհ Մացեյ Մրոժեկին, իսկ 1/8 եզրափակիչում նրա մեքսիկացի մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:1 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Սաբա Մինդիաշվիլիից:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները պարտվել են ու ավարտել ելույթները:

Էրիկ Պապիկյանը (65 կգ) որակավորման փուլում 9:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 1:8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրագիմովին:

Վահե Ասլանյանը (80 կգ) որակավորման փուլում 2:6 հաշվով պարտություն է կրել ռուս Կանտեմիր Ելմեսովից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Leave a comment