Համառուսաստանյան «Տարվա ընտանիք» մրցույթի հաղթող է ճանաչվել հայ ընտանիքը

Բաժանորդագրվել

«Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Մրցույթին արդեն մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող Կիլաֆյանների ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կիլաֆյաններն արժանացել են «Ավանդույթների պահապան ընտանիք» կոչմանը՝ Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։

Գրիգոր և Ռոզա Կիլաֆյանները մեծացնում են իրենց որդիներին՝ Մելքոնին և Միքայելին, որոնք անվանակոչվել են իրենց պապիկների պատվին։

Գրիգոր Կիլաֆյանը, որը համայնքային ծառայող է, նվագում է հայկական ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, իսկ որդիներին սովորեցնում է հայկական հին ժողովրդական երգեր։ Վեցամյա Մելքոնն արդեն ելույթ է ունենում «Ծիծեռնակ» համույթում։

Հավելենք, որ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 2016 թվականից։ Այդ ընթացքում մրցույթին մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։

Leave a comment