Հայաստանում նախատեսվում է սկսել երեք ջրամբարների կառուցումը, ևս 15 նախագծով աշխատանքներ են ընթանում. փոխվարչապետ

Հայաստանում մինչև 2026 թ.-ի վերջ նախատեսվում է սկսել երեք նոր ջրամբարների կառուցումը, որոնց նախագծերն արդեն պատրաստ են, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանում մինչև 2026 թ.-ի վերջ նախատեսվում է սկսել երեք նոր ջրամբարների կառուցումը, որոնց նախագծերն արդեն պատրաստ են, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ խոսքը 10 մլն խորանարդ մետր նախագծային ծավալով Քասախի, Սյունիքի մարզում 4 մլն խորանարդ մետր ծավալով Լիճքի և 1 մլն խորանարդ մետր ծավալով Ելփինի ջրամբարների մասին է։


«Դիմել ենք ֆինանսավորող կազմակերպությանը՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար», – ասել է Խաչատրյանը նախօրեին կայացած կառավարության նիստում։


Փոխվարչապետը հայտնել է նաև, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում համաձայնեցվել է ևս երկու ջրամբարների՝ յուրաքանչյուրը 1,5 մլն խորանարդ մետր նախագծային ծավալով Արթիկի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հարցը։


Բացի այդ, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցվում է Մաստարայի ջրամբարի կառուցման կարգը։


Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում ևս 12 ջրամբարների ուղղությամբ։ Առաջիկայում ակնկալվում է եզրակացությունների ստացում, որից հետո կդիտարկվի անհրաժեշտ ներդրումների ապահովման հարցը։


 

Leave a comment