Ինչ ուզում անում են. «Մուլտի Վելնեսի» տնօրենը` Ավինյանի հայտարարության մասին

«Մուլտի Վելնես» ՍՊԸ–ն մինչ այս պահը լուծարված չէ և մարզաառողջարարական համալիրի դռները բացելու վերաբերյալ քննիչի որոշում էլ դեռ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։

Նշենք, որ վաղ առավոտյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Վելնես» ակումբը հուլիսի 31-ից նոր անվան ներքո վերաբացվել է։ Ավինյանը նաև նշել էր, թե բոլոր այն անձինք, ովքեր փաթեթներ ունեին, դրանք շարունակելու են գործել։

«Ես քաղաքապետի որևէ ասածից տեղյակ չեմ, իրենք ինչ ուզում անում են։ Իմ «Մուլտի Վելնես» ՍՊԸ–ն լուծարված չէ, իսկ իրենք ինչ–որ նոր բան են բացել։ Ես դեռ քննիչից էլ որևէ թուղթ, որոշում չունեմ, որ կարող ենք գնալ, դռները բացել»,– ասաց Փիրոյանը։

Ընդգծեց` սպասում է քննիչի որոշմանը։ Տնօրենը նաև նշեց, որ տեղյակ չէ` արդյոք աշխատակիցները գնացել են սպորտային համալիր, թե ոչ։

Sputnik Արմենիա

Leave a comment