Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանում ստեղծված իրավիճակին․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին:
Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: