Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ- ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է 07.08.2026Թ.

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:

2018 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացված քայլերը, ձևավորել են եկեղեցու նկատմամբ շարունակական պետական ճնշումների պատկեր, որոնց թվում են՝

  • եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.),
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.),
  • «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.),
  • քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.),
  • զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցուն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.),
  • Անմահ և Սուրբ Պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.),
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025–2026 թթ.),
  • բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և սահմանափակող միջոցների կիրառումը (2025–2026 թթ.),
  • և այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.)։

Անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից, ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են։ Այդ պատճառով նրանց շուրջ ծավալվող ցանկացած գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ ճնշումները երբեք չեն եղել միայն անձի դեմ ուղղված գործողություններ. դրանք միշտ անդրադարձել են նաև ազգային համերաշխությանը, հասարակական վստահությանը և պետականության հիմքերին։

Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment