Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է

Քաղաքականություն

30.07.2026 | 17:30

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լիպարիտ Դրմեյանի գործունեությունն ուսումնասիրելու մասին հրապարակային հայտարարությանը։ Դրմեյանը, արձագանքելով վարչապետին, հերքել է իր հասցեին հնչեցված պնդումները և հայտարարել, որ իր նկատմամբ գործընթացը հաջորդել է քաղաքական ակտիվությանն ու Սահմանադրական դատարանում ներկայացրած փաստարկներին։

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։

Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»,- գրել է  Դրմեյանը։

Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանը 2025 թվականի օգոստոսի 29-ը ղեկավարել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, որը ներկայացնում է Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում և միջազգային արբիտրաժներում։ Եղիշե Կիրակոսյանի՝ 2025 թվականի մարտին պաշտոնից հեռանալուց հետո Դրմեյանը նաև կատարել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պարտականությունները։

Նա պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ գրասենյակը ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի հետ վեճով հայտարարել էր, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները պարտադիր կատարման ենթակա են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մերժել էր այդ դիրքորոշումը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Դրմեյանը մասնակցել է «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գլխավոր Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Leave a comment