Ուկրաինական ԱԹՍ-ները մեկ օրվա ընթացքում Wildberries-ի երրորդ պահեստի վրա են հարձակվել

Քաղաքականություն

30.07.2026 | 16:42

Հուլիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պերմի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի վրա: Ուկրաինական տելեգրամ ալիքները հայտնել են հրդեհի մասին՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր, գրում է Meduza-ն։

«Агентство» և Astra-ն վերլուծել են հրապարակված տեսանյութը և հաստատել, որ հարձակման թիրախը Պերմի երկրամասի պահեստն է եղել։ Astra-ն պարզաբանել է, որ լոգիստիկ կենտրոնը գտնվում է Զամուլյանկա գյուղում։

Սա Wildberries-ի պահեստների վրա հուլիսի 30-ի առավոտյան իրականացված երրորդ հարձակումն է։ Ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին պահեստների վրա Պենզայի մարզում և Ուդմուրտիայում։

Պերմի երկրամասի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը, բայց հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին։

Պերմը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 1400 կիլոմետր հեռավորության վրա, ինչն այս հարվածը դարձնում է Wildberries-ի պահեստների վրա ամենահեռավոր հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment