Փաշինյան․ ՀԿԵ-ի հարցը կարող է քննարկվել արբիտրաժում, բայց ուզում ենք լուծել բարեկամաբար

ՀՀ կառավարությունը պատրաստ է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված հարցերը քննարկել նաև միջազգային արբիտրաժային դատարանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց, թե ցանկանում է ՌԴ–ի հետ հարցը կարգավորել բարեկամաբար։

«Մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Այլընտրանք չկա սրան, այս հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք, որ բարեկամաբար լուծվի, սակայն դե յուրե հարց կարող է ծագել, որ եթե անհամաձայնություն լինի, դա կարող է քննարկվել արբիտրաժային դատարանում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ռուսական կողմի հետ երկխոսությունը։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։

Sputnik Արմենիա

Leave a comment