Պակիստանի հյուսիսում անցակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Նրանց թվում են 7 ոստիկան և 8 ենթադրյալ զինյալ․ հաղորդում է France 24-ը։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Խայբեր-Պախտունխվա սահմանային նահանգի Հանգու շրջանում։
Շրջանի ոստիկանապետ Թարիք Հաբիբը Geo News-ին հայտնել է, որ ևս 22 ոստիկան վիրավորվել է։
Ոչ մի խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։
France 24-ը հաղորդում է, որ սա վերջին օրերին տարածաշրջանում երկրորդ խոշոր հարձակումն է։ Անցյալ ուրբաթ զինյալները պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել էին Թանկ շրջանում գտնվող անցակետի մեջ։
Խայբեր-Պախտունխվա նահանգում իրավիճակը շարունակում է լարված մնալ «Թեհրիք-ե-Թալիբան Պակիստան» շարժման գործունեության պատճառով։ Իսլամաբադը հարձակումների աճը վերագրում է Աֆղանստանից եկած զինյալներին, սակայն Քաբուլը հերքում է մեղադրանքները։