Համեմատության համար՝ կառավարության իսկ ծրագրային հաշվարկով 2026 թվականին միջին կենսաթոշակը պետք է կազմեր մոտ 68 հազար դրամ։ Այսինքն՝ վարչապետի նոր՝ 2 մլն 662 հազար դրամ աշխատավարձը հավասար է մոտ 39 միջին կենսաթոշակի։ Միայն վարչապետի աշխատավարձի ամսական շուրջ մեկ միլիոն դրամանոց աճով կարելի է վճարել մոտ 16 այդպիսի միջին կենսաթոշակ։
Ավելին՝ 2026 թվականին պետությունն անապահովության նպաստ ստանալու համար մեկ հաշվարկային անդամի եկամտի սահմանային շեմ է սահմանել ընդամենը 35 հազար 875 դրամ։ Այսինքն՝ վարչապետի մեկ ամսվա նոր աշխատավարձը ավելի քան 74 անգամ գերազանցում է այդ շեմը։
Իսկ կրթության ոլորտում պատկերը առավել խոսուն է։ Հանրակրթական հաստատությունների պաշտոնական հաստիքացուցակներում կարելի է հանդիպել 117 հազար 520 դրամ դրույքաչափով գրադարանավարի հաստիքի։ Վարչապետի նոր աշխատավարձը այդ գումարից ավելի քան 22 անգամ մեծ է։
Ուսուցիչների դեպքում իշխանությունը տարիներ շարունակ աշխատավարձի էական աճը կապում է կամավոր ատեստավորման, համապատասխան արդյունք ցույց տալու և հավելավճար ստանալու մեխանիզմների հետ։ Այսինքն՝ ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանալու համար պետք է քննություն հանձնի, ապացուցի իր մասնագիտական կարողությունները և համապատասխան արդյունք գրանցի։
Իսկ նախարարի համար «ատեստավորումը» շատ ավելի պարզ է՝ փոխել օրենքում գրված գործակիցը։
Ու սա միայն գործադիր իշխանությունը չէ։
Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը նախագծով հասնում է 2 մլն 412 հազար 800 դրամի, ՍԴ դատավորինը՝ 1 մլն 830 հազար 400 դրամի, ԲԴԽ նախագահինը՝ 2 մլն 163 հազար 200 դրամի, Վճռաբեկ դատարանի նախագահինը՝ շուրջ 2 մլն դրամի։
Գլխավոր դատախազի աշխատավարձը նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահներինը՝ նույնպես 1 մլն 830 հազար 400 դրամի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը 998 հազար 400 դրամից դառնում է 1 մլն 830 հազար 400 դրամ։
Թվերը ներառում են հարկերն ու պարտադիր վճարները, բայց դրանից համեմատության էությունը չի փոխվում։
Ստացվում է՝ Հայաստանում ձևավորվում է երկու տարբեր իրականություն։
Մի իրականությունում թոշակառուի համար կառավարությունը 20 տոկոս անկանխիկ հետվճարման ծրագիր է իրականացնում՝ ամսական առավելագույնը 10 հազար դրամի սահմանաչափով։ 2026-ի ապրիլին փաստացի միջին հետվճարն ընդամենը 8 հազար 80 դրամ է եղել։
Մյուս իրականությունում նույն կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձերը մեկ որոշմամբ բարձրացնում է հարյուր հազարավոր, որոշ դեպքերում՝ շուրջ մեկ միլիոն դրամով։
Սա արդեն միայն աշխատավարձերի մասին չէ։ Սա պետական առաջնահերթությունների մասին է։
Եթե պետությունը մեկ նախարարի աշխատավարձը կարող է գրեթե կրկնապատկել, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն վճռականությունը չկա թոշակառուի, գրադարանավարի, ուսուցչի, բժշկի եկամուտների նկատմամբ։
Ուրեմն հարցը գուցե ոչ այնքան փողի բացակայությունն է, որքան՝ ում համար է այդ փողը գտնվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: