Հասարակություն
30.07.2026 | 13:33
Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր չորս մասնակիցները մեդալ են նվաճել՝ արժանանալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալի։
«Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ:
Օլիմպիադային մասնակցել են 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Ադամյանը (7-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (8-րդ դասարան), ինչպես նաև ԱՅԲ դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան):
Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթե (Վաչե Քոչարյան և Մամիկոն Համբարյան) և 2 բրոնզե (Լևոն Հայրապետյան և Հայկ Ադամյան) մեդալի։ Թիմը ղեկավարել են Ալեքս Գրիգորյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Մացակյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), իսկ Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ) մասնակցել է որպես օլիմպիադայի EJOI միջազգային կոմիտեի անդամ։
Հիշեցնենք, որ 2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադան անցկացվել էր Բուլղարիայի Շումեն քաղաքում, որի ընթացքում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։