Պոեզիայով են ներծծված գրեթե իմ բոլոր ստեղծագործությունները

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին

-Վերջերս Ձեր հերթական հեղինակային համերգը կայացավ, ինչո՞վ էր այն առանձնահատուկ։

-Սկսած ուսանողական տարիներից՝ մի քանի տարին մեկ ներկայացել եմ հեղինակային համերգներով: Հնչել են մի քանի տասնյակ կամերային, վոկալ գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը պրեմիերաներ են եղել: 2024-ի ավարտին և այս տարվա սկզբին, մեկ տարուց մի քիչ ավելի ընդմիջմամբ, ծնվեցին երկու ծավալուն վոկալ շարքեր՝ առաջինը՝ մեր ամենաերաժշտական պոետի, հանճարեղ Տերյանի քնարերգությամբ, հաջորդը՝ մեր ժամանակակից ռուսալեզու բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանի պոեզիայով: Դա արդեն բավարար հիմք էր հեղինակային երեկո անելու համար, գումարվեցին արդեն մի քանի անգամ հնչած «Ավե Մարիա»-ն՝ ըստ Սոկրատ Խանյանի, որը գրվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և արդեն գործիքային դաշնամուրային «Չորս թանկաները»: Գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ, բացի երաժիշտներից, բեմում էր նաև դերասանուհի Տաթև Գրիգորյանը, որը իր գեղեցիկ ձայնով ընթերցեց բոլոր տեքստերը, ներառյալ թանկաներինը, որոնք ինձ ներշնչել են այդ դաշնամուրային պիեսները ստեղծելուց: Մյուս առանձնահատկությունն այն էր, որ «Թանկաները» իրենց ստեղծման ավելի քան 15-ամյա ընթացքի մեջ առաջին անգամ հնչեցին իմ հեղինակային կատարմամբ՝ բազմաթիվ դաշնակահարների կատարումներից հետո:

-Որպես կոմպոզիտոր՝ ի՞նչն է Ձեզ գրավում պոեզիայում, և կա՞ գրական մի գործ, բանաստեղծական շարք, որի հենքի վրա հնարավոր է երաժշտություն ծնվի։

-Ես ստեղծագործելու իմ առաջին քայլերը արել եմ հենց պոեզիայի մեջ, իհարկե, դա չհասցրեց շատ խորանալ և սահուն անցավ երաժշտության աշխարհ: Բայց այդ կապը երբեք չթուլացավ, անգամ կասեմ՝ գնալով խորացավ՝ պոեզիայով և առհասարակ գրականությամբ ներծծելով իմ գրեթե բոլոր ստեղծագործությունները, ինչի համար, ի դեպ, շատ երջանիկ եմ, և ինչից իմ արվեստը միայն հարստանում է: Շարքերը և առանձին բանաստեղծություններն այնքան շատ են, որ հիմա կդժվարանամ առանձնացնել որևէ մեկը: Օրինակ՝ անցած տարվա մեծ մասը ընկղմված էի Չարենցի աշխարհի մեջ: Գրվեց արդեն երկրորդ կանտատս՝ «Կապուտաչյա հայրենիք»: Ի դեպ, Չարենցի այդ շարքը անավարտ է մնացել, բայց և եղածն արդեն հսկայական նյութ էր և մոտ երեսուն րոպեանոց մոնումենտալ երաժշտական կտավի վերածվեց: Մեր ժամանակակից գրողներից շատերն իրենց գրքերը սիրով նվիրում են ինձ (այդպես եղավ նաև Նաթելլայի դեպքում), այնպես որ, պոեզիան ինձ հետ է միշտ և ամենուր:

-Խնդրում եմ անդրադառնաք նաև Ձեր երկու նոր վոկալ շարքերին, որոնք հնչեցին առաջին անգամ և համերգից հետո ձայնագրվեցին։

-Հետաքրքիր է, որ ձայնի և դաշնամուրի համար ստեղծագործելու իմ ամենաառաջին փորձը եղել է հենց Տերյանով՝ հեռավոր 2003-04-ին, որը ներկայացրեցի կոնսերվատորիայի ընդունելության քննությանը, բայց այդ փոքրիկ փորձը հետագայում դուրս մնաց գործերիս հիմնական ցանկից: Արդեն 2009-ին գրվեց ամենաշատ հնչող վոկալ շարքս՝ «Հինգ երգ ըստ Վ. Տերյանի», այն հնչել է թե՛ կանացի, թե՛ տղամարդկային ձայներով և անգամ ձայնագրվել է Փարիզի հեղինակավոր ստուդիաներից մեկում՝ հրաշալի երաժիշտների կատարմամբ: Փաստորեն, 15 տարի ընդմիջումից հետո վերադարձա սիրելի պոետին, այս անգամ կարծես ավելի մեծ փորձառությամբ երաժշտական մեկնաբանություն տալով նրա չքնաղ գործերին՝ «Հոգնածություն», «Կրկին եկար, անուշ գարուն», «Արեգակը հուր ոսկի է մաղում», «Պայծառ են աստղերը…»: Հավելեմ նաև, որ երկու նոր շարքերը մայիսյան համերգից օրեր անց ձայնագրեցինք Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Տերյանի շարքը հրապարակվեց հունիսի 20-ին, իսկ Ն. Լալաբեկյանի շարքը ալիքումս տեղադրվեց ընդամենը օրեր առաջ՝ հուլիսի 25-ին: Հուսով եմ՝ նաև այս հարցազրույցից հետո շատերը կլսեն և կգնահատեն մեր ազնիվ և նվիրված աշխատանքն այս ձայնագրությունների վրա:

-Ձեր և Նաթելլա Լալաբեկյանի հետ համագործակցությունն ինչպե՞ս ծնվեց։

-Նաթելլա Լալաբեկյանի հետ ծանոթացա 2023-ի հոկտեմբերին՝ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, որտեղ Գրողների միության նախաձեռնությամբ երեք օր շփվեցինք երիտասարդ գրողներով և կոմպոզիտորներով: Նաթելլան ինձ իր մակագրությամբ նվիրեց իր գիրքը՝ «Путь к себе»: Հետաքրքիր է, որ գիրքը օրեր անց սկսեցի ընթերցել, հետո էլ ժամանակ առ ժամանակ բացում էի, որևէ գործ կարդում, ինչպես որ անում եմ գրադարանիս բոլոր բանաստեղծական գրքերի հետ: Եվ միայն նվեր ստանալուց երեք տարի անց եղավ այն անբացատրելի ներշնչման պահը, երբ չկարողացա կտրվել ապագա շարքիս առաջին տեքստից և գիրքը ձեռքիս մոտեցա դաշնամուրիս: Ծնվեցին երեք խոհափիլիսոփայական երգ-պոեմներ, որոնցից հատկապես երկրորդը համարում եմ լուրջ հաջողություն իմ վոկալ-գործիքային երաժշտության մեջ: Անվանումներն են՝ «Бумага», «То, о чём мы говорили», «Ты живи и себя не жалей»:

-Պատմեք, թե ինչպես սկսվեց Ձեր և Մանուշ Հարությունյանի համագործակցությունը։

-Երաժշտական ուղուս սկզբից համագործակցել եմ տարբեր երգչուհիների հետ: Ամենասկզբից՝ Մարինա Մկրտչյան, հետո երկար տարիներ՝ Տաթևիկ Մովսեսյան, 2013-ից ակտիվ համագործակցություն սկսվեց Լիլիթ Սանոսյանի հետ, որը, ցավոք, ընդհատվեց 2016-ին՝ Լիլիթի արտերկիր մշտական բնակության մեկնելու պատճառով: Փաստորեն, շուրջ տասը տարի՝ մինչև 2026-ի սկիզբը, ես փնտրտուքների մեջ էի, բազմաթիվ երգչուհիների հետ փորձեր արեցի, բայց միայն Մանուշի դեպքում եղավ թե՛ երաժշտական, թե՛ մարդկային փոխըմբռնում: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը դեռ նոր է սկիզբ առնում, և ապագայում ստեղծվելիք բազմաթիվ վոկալ գործեր հնչելու են հենց Մանուշի մեկնաբանմամբ:

-Յուրահատուկ ազգանուն ունեք: Ձեր ազգանունը լսելիս անմիջապես հիշում եմ Ջուղայեցի Շահրիմանյան եղբայրների պատմությունը, որոնք 17-րդ դարի վերջին 72,000 ոսկե դուկատով փակել են Վենետիկի պետական պարտքը և փրկել հանրապետությունը… Ձեր արմատների մասին որոշ տեղեկություններ կհաղորդե՞ք։

-Այո, կան Շարիմանյաններ, Շահրամանյաններ, Շահրամանովներ և այլն: Բայց հենց Շահրիմանյան՝ դա միայն մեր գերդաստանն է, որի հեռավոր արմատները, այո, գնում են դեպի Ջուղա, բայց վերջին առնվազն կես հազարամյակն անքակտելիորեն արմատացած են Երևանում, և այսօր մենք ամենաբնիկ երևանցիներից ենք, ինչի համար, իհարկե, չեմ կարող ինձ շոյված չզգալ: Այո, նախնիներիս մեջ եղել են շատ երևելի մարդիկ՝ ազնվականներ, փիլիսոփաներ, գիտնականներ, մանկավարժներ: Եղել են նաև այսօրվա լեզվով ասած՝ գործարարներ, որոնք մեծ օժանդակություն են հատկացրել Իտալիայի հայությանը, հատկապես Վենետիկի Մխիթարյան միաբանությանը: Սուրբ Ղազար կղզում անգամ փողոց կա մեր ազգանվամբ: Մեծ պապիկս կյանքի վերջին տարիներին բավական նյութեր է հավաքել Մատենադարանում՝ կապված մեր նախնիների գործունեության հետ: Դա իրոք մի մեծ և հետաքրքրական նյութ է, որին պետք է համարժեք ժամանակ և ջանք հատկացնել: Ցավոք, իմ ժամանակն արդեն իսկ հագեցած է, և գոնե ես չեմ կարողանալու շատ բան ավելացնել այդ ընտանեկան մատենագրության մեջ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment