Այսօր շարունակվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։
Հարցաքննվեց քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության նախկին ավագանու թեկնածու Հարություն Մկրտչյանը։
Նա նախ դատարանում զարմացավ, որ գործով վկա է հրավիրվել հարցաքննության՝ պնդելով, որ նախաքննության փուլում նույնիսկ չի հարցաքննվել։ Թեև հանրային մեղադրողը պնդեց, որ կա նաև նախաքննության ցուցմունքների արձանագրություն։
Վկա Մկրտչյանի պատմությամբ, նախընտրական քարոզարշավի ընթացքում Ոսկեհատի բնակիչների հետ հանդիպում էր նախատեսված, այդ շրջանակներում մինչև երեկոյան նշանակված հավաքի ժամը իրենց շտաբի կողմից իրազեկող վրան էին տեղադրել գյուղի կենտրոնական հատվածում և կցել երկու թիմակից ընկերների, որ իրազեկման աշխատանք տանեին գյուղում։
Այդ օրը ահազանգ է ստացվել իրազեկման աշխատանք տանող Գառնիկ Ղազարյանի կողմից և ներկայացվել է իրավիճակը, որ նախընտրական բուկլետներ բաժանելիս հանդիպել է երկու մարդու, որոնք հայհոյանքներ են տեղադրել անձամբ իր հասցեին ու պատմել, որ գյուղում շարունակվում է մթնոլորտը լարվել։
Ըստ Մկրտչյանի՝ ինքը շտապել է Ոսկեհատ, տեսել գյուղի կենտրոնում լարված մթնոլորտ՝ մեքենաների կուտակում։ Գառնիկ Ղազարյանից էլ տեղեկացել է, որ այդ մեքենաները կապ ունեն իրեն հայհոյողների հետ։
Հնարավոր լարվածությունից խուսափելու համար քաղաքացիների հետ հանդիպման ձևաչափը ստիպված են եղել փոխել և իրականացրել են ավտոերթ։
Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրը և եղբորորդին կալանավորվել են Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։
Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին։
Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը։
Պաշտպանները Հարություն Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ ինքն անձամբ ոստիկանությունում դեպքի օրը հաղորդում տվե՞լ է, Մկրտչյանը չմտաբերեց։
Նույն հարցը տարբեր ձևակերպումներով պաշտպանը ուղղեց Մկրտչյանին՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցին:
«Սա նախընտրական ելույթ չէ, հարցիս ուղիղ պատասխանեք»:
Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Գառնիկ Ղազարյանը դատարանում պատմել է, որ ոչ իր ցանկությամբն է գնացած հաղորդում տալու, այլ հրավիրվել է ոստիկանություն ցուցմունք տալու և Ոստիկանությունում էլ ցուցմունք տալիս հանդիպել է Մկրտչյանին:
Այս հիշեցումից հետո Մկրտչյանի հիշողությունը թարմացավ, նա որոշ մանրամասներ հիշեց. «Երբ որ այդ օրվա ընթացքում տեղի է ունենում միջադեպ ու դրա մասին խոսակցությունները տեղափոխվում են նախընտրական շտաբ ու վերածվում քննարկման՝ ինչ լուծում պետք է լինի, դրանից հետո էլ, երբ ոստիկանությունն էլ հարկ է համարում ներգրավել Գառնիկ Ղազարյանին գործի մեջ, հրավիրել ոստիկանության բաժին, իհարկե, ես իմ ավագանու 5-րդ համարի Գառնիկ Ղազարյանի կողքին եմ եղել, գնացել եմ ոստիկանություն, որ տեղում իրավիճակը պատկերացնեմ ու առնվազն դրսի պուլպուլակից ջուր խմեմ, սպասեմ, երբ դուրս կգա, հասկանամ՝ ոստիկանները ինչ են իրենից ուզում»:
-Համո՞վ էր էդ պուլպուլակի ջուր,- Մկրտչյանին հեգնեց պաշտպանը՝ դատարանին հայտնելով, որ 5 անգամ հորդորեց ըստ էության պատասխանել հարցին,- այստեղ նախընտրական քարոզարշավ չէ, ավարտվել է արդեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: