Սևանում կանցկացվի երիտասարդական երաժշտական մեծ փառատոն․ հաղթողները կստանան 10 մլն մրցանակային ֆոնդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի անցկացումը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա նախաձեռնություն։ Այն կանցկացվի օգոստոսի 21-22-ին Սևանա լճի ափին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փառատոնի նպատակն է խթանել երիտասարդների ստեղծագործականությունը, բացահայտել նոր երաժշտական տաղանդներ, ինչպես նաև նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ու զբոսաշրջության զարգացմանը։

Փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 100 բենդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից, ինչպես նաև Կանադայից և Ավստրիայից։ Ընտրությունն իրականացվելու է երկու փուլով. նախ՝ առցանց տեսաձայնագրությունների հիման վրա, ապա՝ կենդանի լսումների միջոցով, որոնց արդյունքում եզրափակիչ փուլ կանցնի 20 բենդ։

Միջոցառումը կանցկացվի Սևանի այն տարածքում, որտեղ անցկացվում է նաև Sevan Startup Summit-ը։ Կգործի վրանային ճամբար, իսկ տարածքում կտեղադրվի շուրջ 30 տաղավար, որտեղ մարզերի տնտեսվարողները կներկայացնեն իրենց արտադրանքը։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ փառատոնը կունենա ավելի քան 3000 այցելու։

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ, իսկ հաղթողները կընտրվեն թե՛ մասնագիտական ժյուրիի, թե՛ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է երիտասարդների շրջանում ստեղծագործականության զարգացմանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան ներկայացնելու հեղինակային ստեղծագործությունները, համագործակցելու և ձևավորելու ստեղծագործական նոր ալիք Հայաստանում։

Leave a comment