ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության միջոցով։
CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները պատասխան են Իրանի կողմից նախորդ օրը Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի դեմ իրականացված հարձակման փորձերին։
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հորմոզգան նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարվածների թիրախում են եղել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու օբյեկտները։
Միաժամանակ Tasnim գործակալությունը, հղում անելով տեղի բնակիչներին, տեղեկացնում է, որ հրթիռներից մեկը հարվածել է բնակելի թաղամասի։ Տուժածների կամ զոհերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իրանը հարված էր հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։ Դա տեղի էր ունեցել կողմերի միջև չորս օր տևած հրադադարից հետո։ CENTCOM-ը հայտարարել էր, որ կարողացել է հետ մղել այդ հարձակումը։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի թողնի այդ գործողություններն առանց պատասխանի և խոստացել էր պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ։