BMW-ն նախատեսում է կրճատել 8000 աշխատակցի

Գերմանական ավտոարտադրող BMW AG-ն կամավոր աշխատանքից ազատումների ծրագրի շրջանակում նախատեսում է լայնածավալ կադրային կրճատումներ իրականացնել։

Արհմիությունների հետ համաձայնեցված ծրագիրը կգործի մինչև 2027 թվականի վերջը և հիմնականում կվերաբերի վարչական անձնակազմին ու նոր արտադրանքի մշակմամբ զբաղվող մասնագետներին։ Միաժամանակ այն չի անդրադառնա արտադրական ստորաբաժանումներին: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ կրճատումները կկազմեն շուրջ 8000 աշխատատեղ, հիմնականում՝ Գերմանիայում։ Ընկերության ընդհանուր աշխատակազմը կազմում է մոտ 150 հազար մարդ, որից շուրջ 87.4 հազարն աշխատում են Գերմանիայում։

Հունիսին BMW-ն վատթարացրել էր տարվա ֆինանսական կանխատեսումները՝ նշելով Չինաստանում պահանջարկի շարունակական թուլացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության ավելի լուրջ հետևանքները, քան նախկինում էր ակնկալվում։ Այժմ ընկերությունը կանխատեսում է ընթացիկ տարում ավտոմեքենաների վաճառքի փոքր անկում և հարկերի վճարումից հետո շահույթի զգալի նվազում։

BMW-ի 2026 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը կհրապարակվի այսօր։

Տարեսկզբից ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է 36.2%-ով՝ հասնելով 36 միլիարդ եվրոյի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment