Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու մասով Կարապետյանների դիրքորոշմանը ծանոթ չէ

«Երեկ ՏԿԵՆ-ում, որպես կառավարության լիազոր մարմին, տեղի ունեցավ օրենքով սահմանված ռազմավարական ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Դրան առաջիկա շաբաթների ընթացքում կհաջորդի կառավարության կողմից հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման ընդունումը»,- այսօր ՔՊ վարչության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ճակատագրին:

Նրա խոսքով՝ դրանով կսահմանվեն մի շարք կարգեր և ընթացակարգեր, ինչը ենթադրում է, որ մի քանի ամսվա ընթացքում լիցենզավորված ռեզիդենտ ընկերության կողմից կկատարվի շուկայական արժեքի գնահատում։ Այնուհետև, ըստ Պետրոսյանի, կառավարության կողմից սեփականատերերին կուղարկվի շուկայական արժեքի գնահատականի վերաբերյալ պաշտոնական ծանուցում։ Ընթացակարգերով նախատեսված է նաև սեփականատերերի պատասխանի ստացումը, և, ըստ կարգավորումների, գործընթացը պետք է հանգեցնի փոխհատուցման տրամադրմանը՝ շուկայական արժեքի գումարած 15 տոկոսի չափով։

Հարցին, թե Կարապետյանների հետ խոսե՞լ են, և արդյոք նրանք կհամաձայնե՞ն ընկերությունը փոխանցել պետությանը, Պետրոսյանն ասաց, որ գործընթացն ի սկզբանե պետք է տևեր մի քանի ամիս, սակայն, երբ այն իրականացվում է իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքներին լիովին համապատասխան, ապա կարող է տևել տարիներ:

«Օրինական գործընթացների վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր է կատարման»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ երեկվա լսումների վերաբերյալ ինքը տեղյակ չէ՝ ինչ դիրքորոշում ունեն Կարապետյանները, քանի որ. «Չեմ կարող ասել, որովհետև իրենց ներկայացուցիչներից որևէ մեկը չէր ներկայացել»։

Լրագրողի հարցին, թե կա՞ տարբերակ, որ ինքը կշարունակի կառավարել ՀԷՑ-ը, Պետրոսյանն ասաց, որ իր կարգավիճակը օրենքով է սահմանված. «Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են այն պահին, երբ նոր սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետությունը, դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման լիցենզիան ստանալու համար»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment