ՀԲ–ն 2026թ․–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 5,9%–ից մինչև 5,3% Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով

Համաշխարհային բանկը 2026 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 5,3%, իսկ 2027 թվականին՝ 5,1%, հայտնել է Համաշխարհային բանկի գրասենյակի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկը 2026 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 5,3%, իսկ 2027 թվականին՝ 5,1%, հայտնել է Համաշխարհային բանկի գրասենյակի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:


«Մինչև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը 2026 թվականի համար Հայաստանի տնտեսության աճի մեր կանխատեսումը կազմում էր 5,9%: Սակայն, հաշվի առնելով պահպանվող անորոշությունը և հակամարտության հնարավոր չափավոր ազդեցությունը, այն նվազեցվել է մինչև 5,3%», — ասաց Մանուկյանը Հայաստանի տնտեսական զարգացման մասին Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման ընթացքում:


Նրա խոսքով՝ ընթացիկ կանխատեսումը պատրաստվել է ապրիլին: Համաշխարհային բանկը նախատեսում է մակրոտնտեսական ցուցանիշները վերստին վերլուծել սեպտեմբերին, որից հետո գնահատականը կարող է վերանայվել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։


Մանուկյանը նշեց, որ նախորդ տարիների բացառիկ աճի բարձր տեմպերից հետո Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերադառնում է ավելի չափավոր դինամիկայի: 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 12,6%, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 7,1% և եղել է ՀԲ-ի կանխատեսածից ավելի բարձր:


«Միտումը շարժվում է դեպի կարգավորում: 7,1% աճը նույնպես բավականին բարձր էր, դրա համար միջնաժամկետ հեռանկարում մենք ակնկալում ենք տնտեսության աստիճանական մոտեցում իր պոտենցիալ տեմպերին», — ասաց նա:


Աճի հիմնական դրայվերները


Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին՝ Մանուկյանը հայտարարեց, որ 2026–2027 թվականներին հայկական տնտեսության հիմնական ոլորտային դրայվերը կմնա ծառայությունների ոլորտը: Ամենանշանակալի ավանդն ապահովում են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և պրոֆեսիոնալ գործունեությունը: Զգալի դերակատարում է շարունակում ունենալ շինարարության ոլորտը, որը վերջին տարիներին բարձր ակտիվություն է ցուցադրում: 2026 թվականին ուժեղացել է նաև արդյունաբերության, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտի ավանդը:


«Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ սպառումն ավանդաբար շատ մեծ դեր է խաղում: Միևնույն ժամանակ սկսում է ավելանալ ներդրումների ավանդը, ինչը նույնպես դառնում է տնտեսական աճի կարևոր գործոն», — ասաց Մանուկյանը:


Նա նշեց, որ տնտեսական ակտիվությունը մեծապես կենտրոնանում է այն ոլորտներում, որտեղ պահանջվում են որակյալ մասնագետներ: Ընդ որում, անհրաժեշտ հմտությունների պակասը մնում է Հայաստանի աշխատաշուկայի հիմնական խնդիրներից մեկը:


«Աշխատատեղեր կան, բայց դրանցից շատերը պահանջում են բավականին բարձր որակավորում: Ուստի անհրաժեշտ է ամրապնդել կապը կրթության, մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատաշուկայի պահանջարկի միջև», — ասաց տնտեսագետը:

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ


2026 թվականի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով: Ինչպես հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2026 թվականի հունվար-հունիսին գրանցել է 7,9% աճ՝ 2025 թվականի վեց ամիսների համեմատ:


Ըստ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճy սպասվում է՝ կախված սցենարից (A-B), 4,5-4,1%, 2027 թվականին՝ 4,7-3,7%, 2028 թվականին՝ 5-6,2%:


Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,25%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5,2%:

Leave a comment