«Հայաստանում տնտեսական աճը տպավորիչ է, բայց դրա օգուտները բոլորին չեն հասնում․ միջին խավը 25 տոկոս է կազմում»․ ՀԲ նոր զեկույցը

Ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը, արտադրողականությամբ բարձրացումը եւ հարկաբյուջետային քաղաքականության հասցեական գործիքների կիրառումը առանցքային են Հայաստանում աղքատության նվազեցման եւ տնտեսական դիմակայունության բարձրացման համար։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 28-ին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԲ հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանն ասաց, որ Հայաստանում վերջին տարիներին տնտեսական աճը բավականին տպավորիչ է, աղքատության մակարդակը նվազում է, գործազրկությունը՝ նույնպես։

«Բայց այդքանով հանդերձ այս բարձր աճի օգուտները բոլորին չեն հասնում։ Տնային տնտեսությունների զգալի մասը գտնվում է աղքատության գծից շատ քիչ վերեւ, որը մենք համարում ենք խոցելի։ Թեեւ գործազրկության մակարդակը նվազում է, բայց զբաղվածության մակարդակը նույնպես լճացած է եւ չի բարձրացնում, գտնվում է 50 տոկոսի վրա։ Եվ հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է ավելի արդյունավետ ու թիրախային լինել, որպեսզի կարողանա աղքատության նվազեցման վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ»,- նշեց Արմինե Մանուկյանը։

Ըստ զեկույցի՝ աղքատությունը կենտրոնացված է հատկապես գյուղական բնակավայրերում եւ այնպիսի մարզերում, ինչպիսիք են Շիրակը, Տավուշը եւ Արմավիրը։ Ամենացածր աղքատության մակարդակը Սյունիքի մարզում է, որը կապվում է հանքարդյունաբերության գործոնի հետ։ Չնայած տնտեսական աճի եւ աղքատության նվազեցման ուղղությամբ Հայաստանի նշանակալի առաջընթացին, մեկ ցնցումը բավարար է, որ բազմաթիվ ընտանիքներ կրկին հայտնվեն աղքատության մեջ։ Հայաստանի երեք բնակչից մոտավորապես երկուսն աղքատ կամ խոցելի են։

«Մենք համեմատել ենք աղքատության 2021 թվականի եւ 2024 թվականի ցուցանիշները։ 2021 թվականին գրանցվել է 26 ,5 տոկոս աղքատության ցուցանիշ, իսկ 2024 թվականին՝ 21,7 տոկոս։ Իսկ եթե բացվածքով նայենք, կտեսնենք, որ գյուղական համայնքներում աղքատության մակարդակը դեռ բարձր է մնում՝ 26 տոկոս։ Ավելի ցածր է Երեւանում՝ 16,9 տոկոս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Առավոտ»-ի հարցին, թե վերլուծություններ իրականացվե՞լ են՝ հասարակությունում սոցիալական բեւեռացումը շարունակվո՞ւմ է մեծ մնալ, այսինքն՝ հարուստներ-աղքատներ միտումն առկա՞ է, եւ արդյոք միջին խավն ավելանում է, մասնագետը պատասխանեց․ «Եթե համեմատենք 2021 եւ 2024 թվականների տվյալները, միջին կարգավիճակ ունեցող բնակչության քանակը 20 տոկոսից բարձրացել է 25 տոկոս։ Սա փոքր թիվ է, բայց բարձրացել է։ Միջին կարգավիճակ ունեցողները պետք է լինեն մեծամասնություն, դա է հիմնական խնդիրը, որ 25 տոկոս են կազմում»։

Զեկույցի հեղինակները նշում են՝ որպեսզի տնտեսական աճը շարունակի բարելավել մարդկանց կյանքը, անհրաժեշտ է, որ Հայաստանում սոցիալական պաշտպանությունն ուժեղացվի, ավելի ֆորմալ եւ որակյալ աշխատատեղեր ստեղծվեն։

Ամբողջական տեսանյութը

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment