Մաքրվել է Գավառագետը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 20-ը Մաքրության համաշխարհային օրն է։ Օրը սկիզբ է առել 2008 թվականին Էստոնիայում և այսօր միավորում է միլիոնավոր մարդկանց՝ թափոններով աղտոտման դեմ պայքարում։ Օրվա նպատակն է մաքրել բնությունն աղբից և հիշեցնել շրջակա միջավայրի մաքրության պահպանման կարևորության մասին։ Հայաստանում՝ Երևանում և մարզերում, այսօր կազմակերպվում են համայնքային մաքրման աշխատանքներ ու միջոցառումներ, որոնցից անմասն չէր նաև «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը։

«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակում FPAN-ը կամավորական խմբերի հետ Սևանա լիճը սնուցող գետերի մաքրման աշխատանքներ է իրականացնում։ Ծրագրի նպատակը՝ նվազեցնել այդ գետերի աղտոտվածությունը և բարձրացնել համայնքների բնապահպանական իրազեկվածությունը։ Հիմնական ուղղությունը կամավորների ներգրավումն է. Վերապատրաստումից հետո նրանք մաքրման աշխատանքներ են իրականացնում՝ օրինակ ծառայելով համայնքների մյուս բնակիչներին և նպաստելով իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ակցիաներին մասնակցում են և՛ համայնքների կամավորական խմբերը, և՛ Հայաստանում գործող ընկերությունները, ինչը նպաստում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ամրապնդմանը։

Օրվա կապակցությամբ կամավորների հետ նույնպես իրականացվեցին Սևանը սնուցող գետերից մեկի՝ Գավառագետի մաքրման աշխատանքներ։ Ակցիան ևս մեկ հնարավորություն էր հիշեցնելու շրջակա միջավայրի, այդ թվում՝ Սևանա լիճը սնուցող լեռնային գետերի մաքրության պահպանման կարևորության մասին։

Աշխատանքների ընթացքում գետերում հիմնականում հանդիպում են ձկնորսական ցանցեր և մեծ քանակությամբ կենցաղային աղբ։ Սա վկայում է համայնքների բնակիչների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

Ծրագրի մասին

FPAN և GRÜNE LIGA Berlin e.V. հասարակական կազմակերպությունները իրականացնում են «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի լեռնային գետերի և հատկապես Սևանը սնուցող գետերի շուրջ, ինչպիսիք են՝ Գավառագետը, Մասրիկը, Արգիճին, Արփայի ջրհավաք ավազանները և այլն։ Այս գետերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության, այլև տարածաշրջանի գյուղատնտեսության, կենսաբազմազանության և Հայաստանի ջրային անվտանգության համար։

Իրականացվող միջոցառումները ներգրավում են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքների բնակիչներին՝ խթանելով տեղական մասնակցությունը, բնապահպանական պատասխանատվությունը և համայնքների կարողությունների զարգացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում համայնքի բնակիչների ակտիվ ներգրավմանը, որպեսզի բնապահպանական նախաձեռնությունները դառնան երկարաժամկետ և համայնքների կողմից շարունակելի։ Ծրագրի գործողություններն ուղղված են ոչ միայն գետերի մաքրմանը, այլև համայնքներում բնապահպանական մշակույթի ձևավորմանը, տեղական համագործակցության զարգացմանը և բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ամրապնդմանը։

FPAN-ի մասին

«Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպությունը Հայաստանի տեղական հարթակն է, որն իրականացնում է բնապահպանական և կայուն զարգացման ծրագրեր՝ միավորելով բնության պահպանությունն ու համայնքների զարգացումը։ FPAN-ը շարունակում է Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից ավելի քան 15 տարի իրականացված բնապահպանական ծրագրերի փորձը՝ համագործակցելով տեղական համայնքների, պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կենսաբազմազանության և բնական լանդշաֆտների պահպանությունը, կայուն գյուղական զարգացումը, բնահեն զբոսաշրջության խթանումը և Հայաստանում գործող ընկերությունների ներգրավումը բնապահպանական նախաձեռնություններում։

Ծրագիրն իրականացվում է FPAN-ի և GRÜNE LIGA Berlin e.V.-ի համատեղ ջանքերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Leave a comment