ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունը

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունը

Հուլիսի 28-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։

Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։

ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։

Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։

Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու։

Leave a comment