Գառնիկ Դավթյան. «Այսօր ամեն երկրորդ թթու խոսքի համար իրար սպանում են, և դա իշխանությունների թողտվությունն է»

«Այն, որ այսօրվա իշխանությունները հեռու են հայ տեսակից, դրա մասին 2020 թվականից այս կողմ բազմաթիվ փաստեր կան, չնայած 2018 թվականի հեղափոխություն կոչվածը նույնպես իր մեջ պարունակում էր հակահայկական տարրեր»,- ասաց ԱԺ 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում։

«Ես հեռու եմ այն կարծիքից, որ այսօրվա իշխանությունների հիմնական նպատակը հայ ժողովրդի սոցիալական, տնտեսական, անվտանգային կյանքը բարելավելն է։ Այսպես ասում եմ մի պարզ բանի պատճառով. այսօր Հայաստանի Հանրապետությունում նախ ապրելն է շատ դժվար՝ գոյատևելու մասին էլ չեմ խոսում, և երկրորդ՝ մարդիկ հույս չեն կապում այս երկրի հետ։ Եվ ոչ թե նրա համար, որ երկիրը վատն է, Հայաստանը ամենաաղքատ երկիրն է։ Ոչ։ Ուղղակի հնարավորություն չեն ստեղծում մարդկանց իրենց երկրում ապրելու։ Ու ստիպված այդ մարդիկ արտագաղթում են։ Հուսալքված, հիասթափված։

Բայց այստեղ ամենակարևոր խնդիրը կա։ Երբ որ իշխանությունը նպատակ չունի հասարակության կյանքը բարելավելու, ոչ մի բան չի փոխվելու, քանի Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը զավթել է իշխանությունը։ Ինձ համար այլևս համոզիչ այլ փաստարկ չկա, թե ինչու են մարդկանց զրկում աշխատանքից, մարդկանց բիզնեսները խլում իրենց ձեռքից ու հետո դժգոհում, թե ինչու են սովորական քաղաքացիները բողոքի ձայն բարձրացնում»,- ասաց Գառնիկ Դավթյանը։

Նա դժգոհելու առումով անդրադարձավ մասնավորապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ «Գևորգ Պապոյանը նախ տնտեսությունից է շատ հեռու։ Անկեղծ եմ ասում, անձնապես որևէ բան չունեմ այդ մարդու դեմ։ Բայց անգամ հավասարակշռվածություն չունի։ Իր ամեն մի խոսքից մյուս խոսքը պոռթկում է, մուննաթ, վիրավորանք, սպառնալից խոսքեր են։ Դա քաղաքական գործչի, պաշտոնյայի վարքագիծ չի կարող լինել։

Հայաստանում վաղուց դադարել է գոյություն ունենալ պարզ տրամաբանությունը։ Այն, որ սովորական մարդկանց համար են այդ պաշտոնները, այլ ոչ թե նախարար դառնաս, այդ աթոռը գրկես-նստես ու մարդկանց վրա մատ թափ տաս։ Պետք է մարդկանց ծառայես, մարդկանց աշխատանքից չզրկես։

Այսօրվա ապօրինությունները, ամենայն անկեղծությամբ եմ ասում, տոտալ մասշտաբների են հասնում։ Անգամ նախորդ իշխանությունները կերազեին, որ էս տեսակ բռնապետական կարգեր հաստատեին։

Մեր ժողովուրդը պետք է մի ինչ-որ ժամանակ՝ օր ասեմ, ամիս ասեմ, ուշքի գա, որ հասկանա՝ ով է պետության գլխին նստած, ու ենթականերն ովքեր են։ Ինչքան շուտ հասկանանք, որ այս իշխանությունները Հայաստանի համար ոչ մի բան չեն անում, այնքան լավ՝ մեզ համար»,- ասաց Գառնիկ Դավթյանը։

Անդրադառնալով ուժային կառույցների՝ ընդդիմադիրների հետևից ընկած լինելու պարագայում հանցագործությունների կտրուկ աճին՝ բանախոսն ասաց. «Հիմա կասեն՝ էլի միայն իշխանությունների մեջ է մեղավորներ փնտրում։ Բայց իրականում չագուչն էլ է իշխանության ձեռքում, մեխն էլ։ Երբ իրենք ապօրինություններ են թույլ տալիս, իրենց պահում են ամենավերջին խուլիգանի նման, պարզ է, որ կողքից շատ մարդիկ դրանից առիթավորվելու են։ Հետևողականություն չկա այսօր քրեական հանցագործությունները բացահայտելու, այս խուլիգանություններին դադար տալու։ Փողոցում կրակում են իրար վրա, նռնակ են նետում։ Հայաստանը, իմ պատկերացմամբ, դարձել է մարտաֆիլմի հոլիվուդյան հարթակ։

Իմ դպրոցական, ուսանողական տարիներին կռիվը ձեռնամարտով էր ավարտվում։ Այսօր ամեն երկրորդ թթու խոսքի համար իրար սպանում են։ Դա այսօրվա իշխանությունների թողտվությունն է։ Փոխանակ ներպետական պրոբլեմները լուծելով զբաղվեն, ընկել են ընդդիմադիրների հետևից, Իլհամ Ալիևի պահանջները կատարելու, կեղծ խաղաղության հետևից։ Ու սովորական մարդն այսօր վախենում է փողոցով քայլել։

Ոչ մեկը երաշխավորված չէ, որ փողոցում քայլելիս իր հետ պրոբլեմ չի լինի։ Դա կլինի իշխանությա՞ն ներկայացուցիչ, ընդդիմությա՞ն, թե՞ սովորական քաղաքացի»։

Գառնիկ Դավթյանի ուշադրությունից դուրս չմնացին նաև բանակում տիրող բարքերն ու դրանց հետևանք ողբերգական միջադեպերը։ «Երբ որ քո երկրի ղեկավարը չոքած, ընկած է Ալիևի դեմ, չի կարողանում ու չի էլ կարողանալու ոտքի ելնել, պետական ոչ մի ոլորտ տեղում չի լինելու։ Ինձ համար խաղաղությունը սահմանին միայն կրակելու բացակայությունը չէ՝ բանակում կարգապահության հաստատումն է։ Այսօր բանակային կյանքում ահավոր վատ բարքեր են տիրում։ Եվ այդ բարքերի հետևանքով զոհերը ինձ համար նույն բանն են, ինչ թշնամին սպանի մեր զինվորին։

Եթե առաջ Հայաստանում իրավունքը արնաքամ էր լինում, հիմա իրավունքը Հայաստանում այլևս չկա, մեռել է»,- ասաց Գառնիկ Դավթյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment