Հայ գյուղացին ԹՐԻՓՓ-ից կկարողանա օգտվել միայն միջնորդավորված. Մակարյան

Հայ գյուղացին ԹՐԻՓՓ-ից կկարողանա օգտվել միայն միջնորդավորված. Մակարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում ԹՐԻՓՓ-ից կկարողանան օգտվել նրանք ովքեր արտադրող և արտահանող են: Նման տեսակետ Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնել է տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով հասարակ հայ գյուղացին կկարողանա օգտվել ԹՐԻՓՓ-ից:

Տնտեսագետը բացատրեց, որ գյուղարտադրողը կկարողանա ԹՐԻՓՓ-ից օգտվել միայն միջնորդավորված՝ խոշոր արտահանողների միջոցով:

«Հասարակ գյուղացու գիտելիքը, մշակույթը, կադրեր չունենալը, սերտիֆիկացման բացակայությունը թույլ չեն տալիս ուղիղ ներգրավվել արտաքին առևտրի մեջ: Բացի այդ նրանց վզին պետք չէ փաթաթել, որ համ մշակել իմանան, համ արտահանել, համ էլ դրա համար համապատասխան սերտիֆիկացում անցնեն»,-բացատրեց Մակարյանը:

Նա նշեց, որ արտաքին առևտրի մեջ գյուղացիների ներգրավման համար Հայաստանի կառավարությունը, եվրոպական երկրների օրինակով, պետք է առաջին հերթին ստեղծի արտահանման լոգիստիկաներ:

«Առաջինը դա պետությունը վերլուծության ենթարկելով նախ պետք է պարզի, թե այդ բերքը ինչպիսի կարիքների համար է պիտանի, որից հետո իրականացնի սերտիֆիկացում, փաթեթավորում և ապահովի արտահանման համար այլ ստանդարտների համապատասխանությունը: Երկրորդ տարբերակը պահածոների գործարաններին բերքը վաճառելու հնարավորությունն է, գյուղացին պետք է մատակարար լինի: Այն ապրանքը, որը պիտանի չէ այս երկու տարբերակների համար պետք է արդեն ուղարկել ներքին շուկա՝ սպառելու համար»,- ասաց բանախոսը:

Տնտեսագետը նաև նշեց, որ պետք է փորձագիտական հաշվարկներ կատարել հայկական բեռները Եվրոպա արտահանելուց առաջ, քանի որ լոգիստիկ ճանապարհների բարդությունն ու երկարությունը, կարող են էապես բարձրացնել հայկական ապրանքի գինը:

«Պետք է հասկանալ, որ եթե մեքենաներով տեղափոխումը թանկ արժե և փաստացի չի ստացվում արտահանումը պատշաճ կազմակերպել, ապա պետք է մտածել նաև ինքնաթիռով տեղափոխելու մասին»,- նշեց տնտեսագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները արժանահավատ են, որ Հայաստանը հանձինս այդ երկրի ունի «վառելիքի հուսալի գործընկեր», տնտեսագետը ասաց. «Դա մենք պետք է հայտարարեինք, նա մեզանից այս իմաստով առաջ է անցել, որովհետև գնահատողը մենք ենք: Նման հայտարարության համար նա դեռ պետք է կարողանար բավարարել մեր պահանջի գոնե 50 տոկոսը»:

Ըստ Մակարյանի՝ Ալիևի նման հայտարարությունը բխում է այն հանգամանքից, որ Բաքուն ցանկանում է հնարավորինս մեծ դերակատարում ստանձնել Հարավային Կովկասում՝ փորձելով վերածվել էներգակիրների հանգույցի:

«Հավատում եմ, որ նավթ, գազ կամ բենզին չունենալու դեպքում Ադրբեջանը կարող է անգամ այլ երկրներից ներկրել, որպեսզի մատակարարումներ անի՝ ձգտելով կատարել հանգույցի իր դերակատարումը: Այս իմաստով Բաքվին ձեռնտու է, որպեսզի մեզ տանի ու կապի իր հետ: Հենց այստեղ էլ պետք է, որպեսզի մենք զգոնություն ցուցաբերենք և դա թույլ չտանք, որովհետև չգիտենք թե ինչպես Ադրբեջանը կօգտագործի նման փոխկապակցվածությունը»,- ասաց տնտեսագետը:

Leave a comment