ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանին փոխանցել հետախուզական ԱԹՍ-ներ։ Այդ մասին փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն ձևը ռազմական լավագույն տեխնոլոգիաների տարածումն ու տեղադրումն է։ ԱՄՆ-ը հիմա 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա կայուն։ Սա նշանակում է նաև լրացուցիչ աշխատատեղերի բացում և ներդրումներ»,- հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը։
Նա նաև անդրադարձավ խաղաղության գործընթացին․ «Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, խաղաղությունը կերտվում է ապագայում։ Մենք Հայաստանի համար կերտում ենք ոչ միայն խաղաղություն, այլ նաև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Դա հնարավոր չէր լինի առանց Ձեր երկրի ղեկավարի առաջնորդության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցության ու գործընկերության համար»,- ընդգծեց Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը խոսեց նաև ԹՐԻՓ (TRIP) ծրագրի մասին՝ ընդգծելով, որ այն տնտեսական նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի համար։
«Այն տարածաշրջան կբերի արմատական տրանսֆորմացիա։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի համար, ինչը աննախադեպ կապ կապահովի Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն հայ ժողովրդի բարգավաճման համար, այլև նպաստավոր է խաղաղության գործընթացին։ Երբ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը և այլն, նպաստում ես խաղաղությանը։ Մենք ուզում ենք ոչ թե պարզապես խաղաղություն հաստատել, այլ որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի»,- շեշտեց Ջեյ Դի Վենսը։
Նա նաև խոսեց NVIDIA ընկերության ներդրումներից․ «ԱՄՆ պետքարտուղարությունը մի շարք արտոնագրեր է հաստատել NVIDIA ընկերության համար։ Ի՞նչ է սա նշանակում. նոր շուկաներ, նոր աշխատանք։ Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում գոյություն չունեն ու չեն էլ կարող լինել։ Հիմա դրանք արդեն կառուցվում են այստեղ՝ Հայաստանում»,- ընդգծեց Ջեյ Դի Վենսը։
Խոսելով տնտեսական ներդրումների մասին՝ նա ասաց, որ այսօր կողմերը վավերացրեցին միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի («123» համաձայնագիր) բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
«Մեր պետություններն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտի բանակցությունները։ Երբ սա արդեն հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Ապագա ծրագրերի շրջանակում խոսում ենք սկզբնական հինգ միլիարդ դոլար ներդրումների մասին, իսկ հետագայում՝ երկրորդ փուլում, ևս չորս միլիարդի։ Սա երկուստեք փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի, և՛ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության ու կայունության տեսանկյունից, ինչպես նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր։ Սա նշանակում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, երբ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է իրեն այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի»,- շեշտեց Վենսը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսությունը՝ ԹՐԻՓՓ-ի համատեքստում, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Նա ընգծեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարության տեքստի ստորագրումը։
«Այդ համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում և կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել էլ ավելի զարգացնելու համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել և ամրապնդել երկու երկրների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը>,- ասաց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում, ինչը բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների շարունակությունն է. Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ։
The post ԱՄՆ-ը Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ կտրամադրի appeared first on CIVILNET.