Գյուղատնտեսները դժգոհում են ՝ բերքը չեն կարողանում իրացնել։ Արմաշ գյուղից գյուղատնտես Տիգրան Մաթևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ վարկ է վերցրել, այգի հիմնել։ Ծիրան, սալոր, թութ, խնձոր ու խաղող է մշակում։ Այս տարի, սակայն, բերքն իրացնելու խնդիր ունի։
«Այս տարի եկամուտը շատ քիչ է եղել, հարյուրապատիկ քիչ՝ նախորդ տարվա համեմատ։ Եթե գոնե ոռոգման, այգու մշակման ծախսերը փակի, էլի շնորհակալ կլինեմ։ Որպես եկամուտ, տուն պահելու համար արդեն բացառվում է։ Սկզբում, երբ ծիրանը հասունացած չէր, մեր ընկերներից հետաքրքրում էին, որ ծիրան տանեին,բայց հետո, երբ ծիրանը արդեն հասունացավ, պարզ ասեմ, 450 դրամով են վաճառել կգ-ը։ «Շալախ» սորտից հետո եղած ծիրանները, տարբեր սորտեր են, փորձել եմ բերել Երևանում վաճառել, բայց շատ վատ է վաճառվել։ Բերածս բերքի մոտ 80 %-ը հետ եմ բերել։ Երևանում ծիրանը վաճառել եմ կիլոգրամը 300 դրամով»,- ասաց Մաթևոսյանը։
Մաթևոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված բերքի կտրուկ անկումը՝ նախորդ տարվա համեմատ, պատասխանեց․ «Բերքի անկումը հիմնականում եղանակային պայմաններից էր։ Սկզբում տևական ժամանակ խոնավ էր կլիման, փոշոտում չեղավ, մեղու չէր աշխատում։ Հետո որոշակի տեղեր նաև կարկուտը խփեց, այդպես բերքը շատ քիչ եղավ։ Հիմնականում գերխոնավ վիճակից բույսերը չփոշոտվեցին ու բերքը չեղավ։ Ճիշտ է, տեղ կա, որ ընտիր է բռնել բերքը, բայց էդի, ասենք, շատ քիչ հատված է»։
Վատ վաճառքների պատճառներից մեկն էլ արտահանման արգելքն է։
«Բոլորը շատ լավ գիտեն, ձևականություն չանեն, եթե շուկա չկա, բերքը չի արտահանվում նորմալ։ Փորձում են այլընտրանքային ուղիներով արտահանել Եվրոպա։ Եվրոպա արտահանելու համար նախ պետք է իրանք այդ շուկան բացեին մեր առաջ, մեքենաները բերեին, կանգնեցնեին, գինը որոշեին, նոր հետո սկսեին ինչ-որ Ռուսաստանի հետ հարցեր պարզել։ Ռուսաստանն էլ ինքն իր ձևով «պատժեց» ու արդեն, որ ասում են՝ «մեջքի չեն ուզում ընկնել», այդ վիճակն է»,- նշեց Մաթևոսյանը։
Գյուղատնտեսին մտահոգում է նաև հաջորդ բերքի՝ սև սալորի իրացման հարցը։
«Շուտով սև սալորը կհասունանա։ Սև սալորը շատ դժվար է վաճառվում, էլի լավ գին չունի։ Գյուղացիների խնդիրները շատ են և հիմնականում կապված են ծախսերի հետ»,- ասաց նա։
Պետական աջակցություն ևս չունեն։ Այսօր գյուղացին մենակ է իր խնդիրների հետ։
« Դեռ ոչ մի գյուղատնտեսից չեմ լսել, որ պետական աջակցություն լինի։ Ասում են՝ իրանց արտահանողներին աջակցել, որ արտահանեն։ Մենք պետական աջակցությունից չեմ էլ օգտվել,չեմ էլ լսել»։
Իսկ ամռան տապին այգու աշխատանքները չեն դադարում, ծախսերը՝ նույնպես։ Մաթևոսյանի խոսքով՝ մինչև տարվա ավարտը ծախսեր ունեն անելու։
«Այգի պետի ոռոգվի, մշակվի։ Այնպես չէ, որ բերքը հավաքեցինք, վերջ ծառերը տենց մնալու են։ Ծառերը ամբողջ տարին խնամք են ուզում, այգին մշակել է ուզում,դրանք ծախսեր են, որոնք պետք է անենք»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը։
Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Մաթևոսյանը այս ամենի հետ մեկտեղ նշեց՝ ագռավներն են երամներով այգիներով պտտվում ու ամբողջ բերքը՝ փչացնում։