Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի փոխանցմամբ՝ հաստատվել են տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանում (Բաքվում) պահվող հայ գերիներն ու պատանդներն իրենց ընտանիքների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայնել են առողջական խնդիրների և ստացված վնասվածքների մասին։
Ընտանիքի անդամներն այս մասին տեղեկատվությունը փոխանցել են իրավապաշտպաններին, ինչի հիման վրա ահազանգեր են ուղարկվել միջազգային կառույցներին։ Panorama.am-ի հետ զրույցում էլ Սիրանույշ Սահակյանը հաստատեց տեղեկությունը։
Panorama.am — Տեղեկություններ կան որ Ադրբեջանում տարբեր վնասվածքներով հայ գերիներ ունենք։ Լուրերը ճի՞շտ է, թե՞ ոչ, և տվյալներ ունե՞ք, թե ինչ առողջական վիճակում են նրանք։ Ու ի՞նչ քաղաքականություն պետք է վարի այս շրջանում Հայաստանի իշխանությունը, որպեսզի կարողանա նրանց իրավունքներն ապահովել։
Սիրանույշ Սահակյան — Այո՛, տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է այն առումով, որ Բաքվում պահվող անձինք ընտանիքների հետ զրույցում հայտնել են առողջական խնդիրների կամ վնասվածքների վերաբերյալ։ Եվ այդ տեղեկությունները ընտանիքի անդամները մեզ են փոխանցել, ու դրա հիման վրա մենք ահազանգել ենք, իհարկե, նաև խնդիրը ներկայացրել ենք միջազգային կառույցներին։
Այստեղ այս իրավիճակը արդյունք է մեկուսացվածության. Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, նոր այցելություններ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք չեն բերվում։ Անկախ բժշկական հետազոտություններ չկան, անկախ փաստաբանական գործունեություն չկա, ինչը կարող է ֆիքսել և կանխել նման դեպքերը։ Եվ հասկանալի է, որ այս իրավիճակը հանգեցնելու է խոցելիության, հոգեբանական, ֆիզիկական այլ նոր, ծանր հետևանքների։
Կարծում եմ՝ առաջնահերթ է որևէ մարդասիրական առաքելություն իրականացնող կառույցի գործունեության վերականգնումը։ Կամ՝ անկախ բժիշկների այցելության կազմակերպումը, կամ 3-րդ երկրի միջոցով հյուպատոսական այցելությունների կազմակերպումը։ Իհարկե, ազատ արձակման խնդիրը կամ, այստեղ տարաբնույթ քաղաքական կոչեր կան, ադրբեջանական կողմը դեռևս այդ կոչերին չի ենթարկվում։ Պետք է ուժեղացնել ճնշումը, բայց դրան զուգահեռ ապահովել անկախ բժշկական և մոնիտորինգային մարդասիրական խմբի այցելությունը Բաքվում պահվող մեր հայրենակիցներին։
Panorama.am —Իսկ ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը՝ խոշտանգումնե՞ր, ծա՞նր վնասվածքներ, թե՞ այլ։
Սիրանույշ Սահակյան — Բոլոր մանրամասները մեզ հայտնի են, ուղղակի այս պահին ձեռնպահ մնանք դրանք հրապարակելուց. միջազգային կառույցներին շատ մանրամասն ենք ներկայացրել։
Panorama.am —Իսկ ՀՀ-ի իշխանությունների մասով ի՞նչ կասեք, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն։
Սիրանույշ Սահակյան — Այստեղ պետք է փորձ անեն հյուպատոսական այցելություն կազմակերպել 3-րդ երկրի միջոցով կամ ճնշում գործադրել, որպեսզի ադրբեջանական կողմը համաձայնվի Կարմիր խաչի այցելություններին կամ անկախ բժշկական խմբի այցելություններին։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։