ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ, տեղի է ունենում բողոքի ցույց հայ գերիների ազատ արձակման պահանջով։
«Այսօր Բաքվի զնդաններում պահվում են առնվազն 19 հայեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Ադրբեջանը նրանց դեմ ներկայացրել է շինծու և անտրամաբանական մեղադրանքներ, ինչը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների նկատմամբ, այլև ամբողջ միջազգային հանրության հանդեպ։
ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքական բանակցությունների ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ այցելել են Արցախ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ։ Արդյո՞ք ԱՄՆ ներկայացուցիչները երբևէ հանդիպել են ահաբեկիչների, մարդասպանների, ցեղասպանություն իրականացնողների կամ հանցագործների հետ։ Իհարկե՝ ոչ։ Այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին, եղել են օրինական ընտրված ներկայացուցիչներ, որոնց լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։
Այսօր խնդրում ենք ձեզ՝ ձեր ամբողջ հեղինակությունը գործի դնել և ապահովել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, միավորվեն իրենց ընտանիքների հետ»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա անդրադարձավ նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։
«Պարոն փոխնախագահ, Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մաս է կազմում։ Կոչ ենք անում ձեզ՝ սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, դադարեցնել այն վայրագությունները, որոնք իրականացվում են մեր վանքերի և հուշարձանների նկատմամբ։
Վերջիվերջո ակնհայտ է, որ այդ կերպ ադրբեջանական կողմը փորձում է ջնջել Արցախում հայկական հետքը, որպեսզի ինչ-որ պահի հայտարարի՝ այստեղ հայ չի եղել։ Պարոն փոխնախագահ, ինչպե՞ս կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, երբ հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում, երբ ոչնչացվում են Արցախի պատմամշակութային հուշարձանները, և երբ Ադրբեջանը անխոչընդոտ անցման դիմաց Հայաստանին տրամադրում է ընդամենը սահմանափակ տարանցման իրավունք»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: