«Այնտեղ էլ կյանք կա, այնտեղ նստելը բացարձակ խնդիր չի»․ Դավիթ Ղազինյան

«Չեմ կարծում, որ հարգելի հանրային մեղադրողը ցանկանում է, որ ես շատ նստեմ, կամ ընդհանրապես կալանավորվեմ։ Կա քաղաքական նպատակ, և ունեմ համոզմունք, որ մեկ անձի ցանկություններին հագուրդ տալու խնդիր է դրված»,- իր գործով դատական նիստի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Դատարանը, հիշեցնենք, քննում է Դավիթ Ղազինյանի և գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը մեկ միլիարդ դրամ գրավ է առաջարկում Դավիթ Ղազինյանի համար՝ համակցված վարչական հսկողությամբ՝ էլեկտրոնային սարքի կրմամբ և երկրից չբացակայելու արգելքով։ Պաշտպանական կողմը պատրաստ է մինչև 40 միլիոն դրամ վճարել՝ առանց համակցված խափանման միջոցների։

«Շատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոչ մի բան չանելով պետք է ազատվեմ՝ պատգամավորի կարգավիճակ ունենալով, բայց․․․ Բայց նաև շատ ուրախ եմ, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո չեմ աշխատել որևէ նախաքննական մարմնում, որպեսզի ստիպված չլինեի․․․ չեմ ուզում այդ խոսքերն ասեմ, բայց․․․»,- իր խոսքում ասաց Դավիթ Ղազինյանը՝ կրկնելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Այնտեղ էլ կյանք կա, այնտեղ նստելը բացարձակ խնդիր չի»,- հայտարարեց նա՝ նախաքննական մարմիններին կոչ անելով զգույշ լինել, երբ գործում են մարդու բարի համբավը արատավորելու սկզբունքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment