Յուրի Սարիբեկյանը դարձել է «Ռոսատոմ»-ի նախագծի հաղթող և «50 տարի Հաղթանակ» սառցահատով Հյուսիսային բևեռ կմեկնի

Յուրի Սարիբեկյանը դարձել է «Գիտելիքների ատոմային սառցահատ» միջազգային գիտալուսավորչական նախագծի մրցութային ընտրության հաղթող և 2026 թվականի օգոստոսին ատոմային «50 տարի Հաղթանակ» սառցահատով կմեկնի դեպի Հյուսիսային բևեռ։

«Գիտելիքների ատոմային սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ՝ 2019 թվականից։ Այն ուղղված է բնական գիտությունների և ատոմային ոլորտի տեխնոլոգիաների հանրահռչակմանը, տաղանդավոր դպրոցականների աջակցությանը և ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանմանը։

Այս տարվա մրցույթի միջազգային փուլին մասնակցել է շուրջ 5 հազար դպրոցական՝ 22 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Մրցութային ընտրությունն անցկացվել է երեք փուլով՝ գիտական վիկտորինա, ատոմային ոլորտի փորձագետների մասնակցությամբ կրթական վեբինարներ և եզրափակիչ ստեղծագործական մրցույթ՝ «Ինչպե՞ս են ատոմային տեխնոլոգիաներն այսօր փոխում աշխարհը» թեմայով։ Մրցույթի արդյունքներով Յուրին դարձել է հաղթողներից մեկը և կներկայացնի Հայաստանը միջազգային արկտիկական գիտարշավում։

Յուրին Մեծամորի հիմնական դպրոցի շրջանավարտ է, Հայաստանի Հանրապետության «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվ անդամ և արդեն մի քանի սերունդ ատոմային ոլորտի հետ կապված ընտանիքի ներկայացուցիչ։ Ապագայում նա նախատեսում է շարունակել ընտանեկան մասնագիտական ավանդույթը և դառնալ չորրորդ սերնդի ատոմային էներգետիկ։

Հիշեցնենք, որ դեպի Հյուսիսային բևեռ իրականացված գիտարշավին Հայաստանը ներկայացրել են նաև 2019 թվականին՝ Հրակ Դովլաթյանը, 2024 թվականին՝ Արթուր Շարյանը, իսկ 2025 թվականին՝ Ալինա Մնոյանը։ Նրանք բոլորը չորրորդ սերնդի ատոմային էներգետիկների ընտանիքների ներկայացուցիչներ են։

Հայկական ատոմային էլեկտրակայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment